Արմավիրի մարզում շինարարական բում է սպասվում: Տարին հարուստ է լինելու կառուցապատման նոր ծրագրերով, որոնց մի մասը կիրականացվի սուբվենցիոն ծրագրով, մյուսները՝ միջազգային գործընկերների աջակցությամբ: Կան նաև նախորդ տարվանից շարունակվող աշխատանքներ:
Էդվարդ Հովհաննիսյան, Արմավիրի մարզպետ - 10 ծրագիր՝ 976 մլն դրամ արժեքով, որից պետբյուջեի ֆինանսավորումը կազմում է 197 մլն դրամ: 2021 թվականից 24 ծրագիր է տեղափոխվել՝ 1.1 մլրդ արժեքով, պետբյուջեի ֆինանսավորումը կազմում է 413 մլն դրամ:
Սուբվենցիոն ծրագրերի աշխարհագրությունն այս տարի ավելի ընդգրկուն է լինելու: Համայնքների խոշորացման արդյունքում ծրագրից արդեն կօգտվեն նաև փոքր բնակավայրերը: Նախատեսվում է կառուցել և վերակառուցել մանկապարտեզներ, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, ասֆալտապատել ճանապարհներ:
Ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով պետությունն ավելացրել է ֆինանսական մասնակցության իր բաժինը: Փոքր համայնքներում, որոնց բյուջեն չի գերազանցում 25 մլն դրամը, յուրաքանչյուր ծրագրի համար պետության ներդրումային մասը կավելանա 10 տոկոսով: Փոխարենը՝ համայնքները 1,5 մլն դրամ պակաս ներդրում կանեն:
Էդվարդ Հովհաննիսյան - Մանկապարտեզների ծրագրով պետության մասնակցության չափը հասցվել է մինչև 70-80 տոկոսի: Սա բավականին լուրջ փոփոխություն է մարզերի և բնակավայրերի համար, որոնք մանկապարտեզաշինության խնդիր ունեն և ունեն ծրագրի ընդամենը 20-30 տոկոսը:
Կկառուցվեն ապաստարաններ և օպտիկա-մանրաթելային ցանցի կապուղի, կբարելավվեն հեռագնա արոտների ճանապարհները: Բացի սուբվենցիայից՝ մի շարք կառուցապատումներ էլ, մասնավորապես՝ դպրոցաշինության ոլորտում, կիրականացվեն պետական այլ միջոցներով:
Ավելի քան 500 մլն դրամ կհատկացվի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման համար: Մոդուլային տիպի մանկապարտեզներ կկառուցվեն 6 բնակավայրում: Կնորոգվի ավելի քան 22 կմ ճանապարհ: Իսկ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն ու Ասիական բանկի սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը կհոգան, որ որոշ համայնքներ նորակառույց դպրոց ու մարզադաշտ ունենան:
Սոցիալական ծրագրեր կիրականացնեն նաև Համաշխարհային բանկն ու Տարածքային զարգացման հիմնադրամը: 7 խոշորացված համայնքում, տեղական միջոցների ընդամենը 5 տոկոս համաֆինանսավորմամբ, կբարելավվեն ենթակառուցվածքներն ու մատուցվող ծառայությունների որակը: 12 բնակելի տուն էլ Լեռնագոգում տեղահանվածների համար կկառուցվի: Միջոցները կհատկացնի «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Իսկ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը՝ COAF-ը, Մյասնիկյանում սմարթ կենտրոն կկառուցի: