Եվրամիության ֆինանսավորմամբ LEAD ծրագրի շրջանակում Լոռու մարզի Գյուլագարակ, Վարդաբլուր և Պուշկինո գյուղերի 67 ընտանիքներին տրամադրվել են անասունների և թռչունների համար խոտ և համակցված կեր։ Ծրագրի շահառուներն անում են հնարավորը՝ տնտեսությունը զարգացնելու համար։
Լիլի Մարիկյան (ծրագրի շահառու) - Փոքր գոմ էր մեր գոմը ու շատ հին։ Ամուսնուս պապի կառուցածն էր, մենք մտածեցինք, որ կարելի ա գոմը մեծացնել, ու տենց առաջ գնանք, շատացնենք անասունները։
Տիկին Ալիսան հստակ որոշել է․ Եվրամիության ֆինանսավորմամբ LEAD ծրագրի շրջանակում ստացած աջակցությունը ծառայեցնելու է իր բարեկեցիկ ապագային։
Ալիսա Շահինյան (ծրագրի շահառու) - Հիմա ունենք 2 հատ ծանրած կով, 1 հատ էլ հորթ։ Պատրաստվում ենք ավելացնենք, մեզ ամեն ձև օգուտ կտան։
Ծրագրի պատասխանատուներն իրականացրել են շահառուների կարիքների գնահատում և առաջարկություններ ներկայացրել պահանջվող ներդրումների վերաբերյալ:
Հասմիկ Քոչարյան («Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի ղեկավար) - Սա չենք կարծում, որ պետք է լինի շարունակական մոտեցում, մենք փորձում ենք իրենց հանել այս ծայրահեղ իրավիճակից, որպեսզի իրենք հեռանկարներ տեսնեն։ Շատերը, ինչպես տեսաք, իրենց անասունների գլխաքանակն են ավելացրել, և միտումը նրան է գնում, որ իրենք տեսնում են իրենց տնտեսական զարգացումն այս մոտեցմամբ՝ անասնապահությամբ։
Նախկինում ՌԴ ֆինանսավորած «Քեշ + » ծրագրի շրջանակում շահառուներին տրամադրվել են երկու տիպի փաթեթներ՝ հղի երինջ և անասնակեր և ածան հավեր, թռչնի կեր և ազնվամորու թփեր: Տրամադրվել է նաև խորհրդատվություն՝ ըստ կարիքի, ինչպես նաև անցկացվել են իրազեկության բարձրացման և վերապատրաստման դասընթացներ:
Գոռ Ասրյան (Լոռու մարզպետի տեղակալ) - Գյուղատնտեսության զարգացումն այստեղ առաջնայնություն և անհրաժեշտություն է։ Կարևոր է ապահովել ծրագրի այն մասը, որ տվյալ կենդանիները, որոնք տրվել են շահառու ընտանիքներին, դիտարկվեն որպես ապագայի զարգացման, իրենց կենսամակարդակի բարձրացման, այլ ոչ թե մեկանգամյա գումար ստանալու միջոց։
LEAD ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը, իրականացվում է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ ջանքերով: ՊԳԿ-ն շահագրգռված է մարզային իշխանությունների հետ ավելի խոր համագործակցությամբ` մարզերում գյուղատնտեսական և բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու համար։
Գայանե Նասոյան (Հայաստանում ՊԳԿ ներկայացուցչի օգնական) - Մեր ուշադրության կենտրոնում են եղել բնական պաշարների կայուն օգտագործումը, ռիսկերի նվազեցումը, կառավարումը, կենդանիների առողջությունը, բույսերի պաշտպանությունը, առողջությունը, սննդամթերքի անվտանգությունը և, վերջապես, պարենային ապահովումը և աղքատության հաղթահարումը։
Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող LEAD՝ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագրի նպատակն է՝ նպաստել Հայաստանի հյուսիսային երեք մարզերի զարգացմանը և կյանքի որակի բարելավմանը: