Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը թուրքական Anadolu պետական գործակալության հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին՝ այն որակելով որպես «հրաշալի զարգացում»: «Դա գոհունակությամբ ենք ընդունում: Ռուսաստանում կայացած և ապա Վիեննայում սպասվող հանդիպումները մեզ համար շատ ուրախալի են: Տեղի ունեցողը իսկապես հուսադրող է: Իսկ Ստամբուլի և Երևանի միջև ուղիղ չվերթերի մեկնարկը կարևոր նշան է»,- ասել է դեսպանը:
*****
Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին: Լավրովը ողջունել է «3+3» ձևաչափով հերթական հանդիպումն Իրանում անցկացնելու առաջարկը և հույս հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը: Իրանի ԱԳ նախարարն, իր հերթին, «3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը որակել է տարածաշրջանային համագործակցությունը խորացնելու հնարավորություն: Կողմերը քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի լիարժեք իրագործման վերականգնման հարցը և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:
*****
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները, Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև երկրի շուրջ վերջին զարգացումների ազդեցությունն էներգետիկ շուկաների ու Եվրոպա գազի մատակարարման վրա։ Ստոլտենբերգը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ «գազի մատակարարումների ծավալի ավելացման և Եվրոպայի համար էներգետիկ ռեսուրսների հուսալի մատակարար լինելու համար»:
*****
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել Ուկրաինային 1,2 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշմանը։ Օգնությունը կտրամադրվի փոխառությունների տեսքով: Եվրախորհրդարանի համապատասխան որոշման հաստատումից հետո գումարը Կիևին կփոխանցվի 12 ամսվա ընթացքում՝ երկու տրանշով: Միջոցների մեծ մասը կուղղվի Ուկրաինայի արտաքին պետական պարտքի սպասարկմանը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունն Ուկրաինային առաջարկել է մինչև 1 միլիարդ դոլարի սուվերեն վարկի երաշխիք՝ աջակցելու երկրի տնտեսական բարեփոխումների օրակարգին և շարունակելու համագործակցությունն Արժույթի միջազգային հիմնադրամի հետ:
*****
Վիեննայում Իրանի և Մեծ հնգյակի երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի միջև միջուկային գործարքի շուրջ բարդ բանակցություններն ավարտական փուլում են՝ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Սա վճռորոշ փուլ է, որի ընթացքում մենք կհասկանանք՝ հնարավոր է արդյոք վերադարձը միջուկային գործարքին։ Մենք հասկացրել ենք, որ հաշվի առնելով ներկայիս զարգացումները, առաջընթաց գրանցելու համար շատ քիչ ժամանակ է մնացել»,- ընդգծել է նա:
Պաշտոնյայի փոխանցմամբ՝ Վիեննայում բանակցությունները շարունակվում են, իսկ իրանական պատվիրակության հետ անցկացվում են անուղղակի քննարկումներ։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը բանակցությունների ձգձգման մեջ մեղադրել էր Արևմուտքին: «Մենք հետ չենք կանգնի մեր տրամաբանված և իրատեսական կարմիր գծերից»,- հավելել է նա։