Փետրվարի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ մարզի մի բնակիչ տանը թմրանյութ է պահում:
Հարուցվում է քրեական գործ: Իսկ փետրվարի 13-ին Գառնիի նրա տանը և օժանդակ շինություններում խուզարկություն է կատարվել:
28-ամյա տանտերը, նախքան խուզարկությունը, ննջասենյակի պահարանից ներկայացրել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող 18 գրամ զանգվածով, իսկ խորդանոցից՝ ինքնաձիգի 13 փամփուշտ, փամփուշտի 25 գնդակ ու նռնակի պայթուցիչ:
Մարիխուանայի նմանվող զանգվածներ կային նաև գոմում` 62 գրամ, հացատանը` 390 գրամ։ 6 գրամ էլ մահճակալի ներքնակի տակ կար:
5 գրամ քաշով նմանատիպ զանգված հայտնաբերվել է նաև տան այլ հատվածում, ինչպես և կանեփի հատիկներ ու կաթուցիչ:
Տանտերը հայտնել է, որ կանեփն աճեցրել է իր հողատարածքում` անձնական օգտագործման համար, իսկ փամփուշտները բերել էր Արցախից:
Կատարվում է հետաքննություն, հանգամանքները պարզվում են: