ԱՄՆ-ը Ուկրաինայում իր դեսպանությունը Կիևից ժամանակավորապես տեղափոխում է Լվով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Հաշվի առնելով Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ուժերի զգալի աճը՝ մենք մեր դեսպանությունը Կիևից ժամանակավորապես տեղափոխում ենք Լվով»,- ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ դիվանագիտական առաքելությունը կշարունակի պահպանել կապը Ուկրաինայի կառավարության հետ և աջակցել դիվանագիտական ջանքերի համակարգմանը՝ ուղղված իրադրության ապաէսկալացմանը:
Ավելի վաղ Վաշինգտոնը իր դիվանագետների մի մասին թույլ էր տվել դուրս գալ Ուկրաինայից և ԱՄՆ-ի քաղաքացիներին կոչ էր արել լքել երկիրը: