Թուրքիայում շարունակվող տնտեսական ճգնաժամին արձագանքում են նաև միջազգային վարկանիշային կառույցները: Հեղինակավոր «Ֆիթչ» գործակալությունը Թուրքիայի վարկանիշը «BB-»-ից իջեցրել է մինչև «B+»՝ «բացասական» հեռանկարով: Հիմնական պատճառներ են նշվում բարձր գնաճը, ցածր արտաքին իրացվելիությունն ու թույլ վստահությունը երկրի քաղաքականության նկատմամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ ամիսներ առաջ էր խոստացել կտրուկ քայլեր ձեռնարկել թուրքական լիրայի ռեկորդային արժեզրկումը կանգնեցնելու համար: Այս նպատակով Թուրքիայի կենտրոնական բանկը դեռ 2021-ի սեպտեմբերից նվազեցրել էր հիմնական տոկոսադրույքը, ինչը, ըստ թուրքական իշխանության, պետք է նպաստեր տնտեսական աճին, սակայն, արդյունքում լիրան դոլարի նկատմամբ կիսով չափ արժեզրկվեց, իսկ գնաճը այս հունվարին 48,7 տոկոս է կազմել, ինչը վերջին 20 տարվա ամենաբացասական ցուցանիշն է:
Նարեկ Կարապետյան, տնտեսագետ - Թուրքիայի տնտեսության նման իրավիճակը պայմանավորված է մակրոտնտեսական կառավարման սխալ որոշումներով, կարելի է նշել, որ քաղաքական գործոններն էական դերակատարում ունեն տնտեսական նման իրավիճակի համար:
Թուրքիայի նախագահի տնտեսական քաղաքականությունը նաև կրոնական հիմնավորում ունի, Էրդողանը վարկերի տոկոսադրույքը նվազեցնում է, քանի որ իսլամը արգելում է վաշխառությունը՝ նշում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Ռուբեն Սաֆրաստյան, թուրքագետ - Էրդողանն արկածախնդրության, այսպես ասած, «մեծ վարպետ է»՝ մինչև հիմա արտաքին քաղաքականության բնագավառում, հիմա էլ արդեն երկրի տնտեսական քաղաքականության բնագավառում: Այդ արկածախնդրության նպատակն է, որ մյուս տարի՝ մինչև ընտրությունները, իրենք կարողանան արդեն հաղթահարել այս բացասական արդյունքները և ստանան դրական արդյունքներ:
Թուրքիան, ունենալով մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի կրկնակի բարձր ցուցանիշ Հայաստանից, նույն վարկանիշն ունի, ինչ մեր երկիրը. ավելին՝ ի տարբերություն Թուրքիայի բացասական հեռանկարի, Հայաստանի մասով «Ֆիթչի» տված հեռանկարը կայուն է:
Նարեկ Կարապետյան - Միջազգային կառույցները, ռեյտինգային կազմակերպությունները, բոլորն անընդհատ այն ուղերձն են հղում, որ նման քաղաքականությունը շարունակելու դեպքում տնտեսական անկայունությունը հնարավոր չի լինի զսպել, և հնարավոր չի լինի իրավիճակը կայունացնել, սակայն այդ ուղերձներին թուրքական վարչակազմն անտարբեր է հիմնականում մնում, և իրենք իրականացնում են այն քաղաքականությունը, որը ճիշտ են համարում: Դա շեղվում է նաև տնտեսագիտության օրենքներից:
Թե՛ արևմտյան, թե՛ թուրքական սոցիոլոգիական ընկերությունների վերջին հարցումները փաստում են՝ Թուրքիայում շարունակվող տնտեսական ճգնաժամի ֆոնին Էրդողանի վարկանիշը նվազում է: Ըստ մասնագետների՝ ներքին անհաջողությունների դեպքում Թուրքիայի նախագահը փորձում է ակտիվացնել արտաքին քաղաքականությունը՝ հաճախ նաև արկածախնդրության դիմելով:
Ռուբեն Սաֆրաստյան - Դա եղավ և՛ Սիրիայի, և՛ Լիբիայի հետ կապված և այլն: Երբ մենք տեսնում ենք բացասական արդյունքներ տնտեսական բնագավառում, քաղաքական առումով վարկանիշն է ընկնում, պետք է սպասել, որ Էրդողանը կմտնի հերթական իր ավանտյուրայի, արկածախնդրության մեջ և կներքաշի երկիրն այդ արկածախնդրության մեջ:
«Ֆիթչի» կանխատեսմամբ՝ այս տարի Թուրքիայում միջին գնաճը կկազմի 41 տոկոս, իսկ 2023-ին՝ 28 տոկոս:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան