ՀՀ 9 մարզերում և Երևանում ավարտվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի առաջին` մարզային փուլը, որին արդեն իսկ 1526 անձ է մասնակցել: Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Երևանը՝ 512 հոգի, երկրորդ տեղում Լոռու մարզն է՝ 180 մասնակից, իսկ երրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 148 մասնակից: Ընթացքի մեջ են միայն ՀՀ Արարատի մարզի և Արցախի Հանրապետության առաջին փուլի մրցումները, որոնք կավարտվեն մինչև փետրվարի 24-ը: Մասնակցության ցուցանիշները՝ ըստ մարզերի և Երևանի. Երևան՝ 512 մասնակից, Լոռու մարզ՝ 180, Գեղարքունիք՝ 148, Սյունիք՝ 123, Շիրակ՝ 117, Տավուշ՝ 110, Կոտայք՝ 108, Արմավիր՝ 95, Վայոց ձոր՝ 90, Արագածոտն՝ 43:
Հիշեցնենք՝ մրցումներն անցկացվում են տարիքային երկու խմբով: Առաջին տարիքային խմբում ընդգրկված են 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 36 և բարձր տարիքի կանայք ու 41 և բարձր տարիքի տղամարդիկ: Երկրորդ՝ եզրափակիչ փուլի մրցաշարն անցկացվելու է մարտի 12-13-ը ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում:
Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-20-րդ տեղեր գրաված մասնակիցները կստանան դրամական պարգևներ, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) նաև կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով.
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 6-10-րդ տեղերը՝ 75.000-ական ՀՀ դրամ,
11-20-րդ տեղերը՝ 50.000-ական ՀՀ դրամ:
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:
Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: