7 անգամ աճուրդի հանված, սակայն չվաճառված Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցն օրեր առաջ գտավ իր նոր սեփականատիրոջը. մրցույթում հաղթեց «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունը, որը զբաղվում է ալյուրի, ձվի արտադրությամբ, շինանյութերի մեծածախ առևտրով և բեռնափոխադրումներով: Հյուրանոցը 2019-ին պետությանն էր նվիրաբերել Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը: 2019-ին գույքը գնահատվել էր մոտ 7.5 մլրդ դրամ, սակայն 2021-ին, պայմանավորված գույքի մաշվածությամբ, գինը նվազել է՝ հասնելով մինչև 5.6 մլրդի:
Առնակ Ավետիսյան (ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ) - Կառավարությունը որոշում է կայացրել որոշակիորեն ավելի մեղմ պայմաններով գույքը ներկայացնել մրցույթով օտարման՝ 5 մլրդ դրամ մեկնարկային արժեքով, որպեսզի հնարավորություն տրվի մասնակիցների ավելի լայն շրջանակի մասնակցելու գույքի օտարման մրցույթին և ներկայացնելու իրենց ներդրումային առաջարկները:
Առնակ Ավետիսյանն ընդգծում է՝ մրցութային գործընթացը հայտարարված է եղել հրապարակային, հնարավոր բոլոր աղբյուրներով փորձել են տարածել մրցույթի մասին հայտարարությունը, սակայն գնով պայմանավորված մասնակցությունը պասիվ է եղել:
Առնակ Ավետիսյան - Ընդամենը մեկ մասնակից ենք ունեցել: Իհարկե, ցանկալի կլիներ ունենալ ավելի մեծ մրցակցություն և էդ պարագայում ավելի բարձր գնով օտարել և ավելի լավ ներդրումային պայմաններով օտարել գույքը, սակայն, կարծում եմ՝ ներկայացված ներդրումային առաջարկը ևս կարելի է համարել գույքի հետագա արդյունավետ օգտագործման համար բավականին լավը:
Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը ներդրումն իրականացնելու է մաս-մաս՝ մինչև 2026 թվականը՝ ամեն տարի 1 մլրդ դրամ, որից 300 մլն դրամն ուղղվելու է Ծաղկաձոր համայնքի բյուջե: Բացի այդ, պայման է դրվել, որ այդ ընթացքում ընկերությունը 4.5 մլրդ դրամ ներդրում պետք է իրականացնի:
Առնակ Ավետիսյան - Ներդրողի կողմից ներկայացված ներդրումային առաջարկով արդեն իսկ առաջին տարում, գույքի ձեռքբերման առաջին տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել շուրջ 2.4 մլրդ դրամի ներդրումներ, հետևաբար կարելի է հետևություն անել, որ հյուրանոցի գործարկումը տեղի կունենա արդեն իսկ այս տարի, համաձայն արդեն իսկ ներկայացված ներդրումային ծրագրի:
Մրցույթում հաղթած «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունը հաղթող ճանաչվելուց հետո հայտարարություն է տարածել:
«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ
«Մեծ ծավալով աշխատանքներ կսկսվեն հյուրանոցը դարձնելու միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան, որն իր հերթին կլինի ներկայանալի աշխարհին և հասանելի բոլորին։ Իր յուրօրինակությամբ կլինի զբոսաշրջիկների և հայրենակիցների համար լավագույն հանգստյան գոտին։ Կարևորելով երկրի առաջընթացը` մենք մեր ամբողջ ուժն ու եռանդը, ինչպես նաև ֆինանսական միջոցները կտրամադրենք այս նվիրական գործին։ Զարկ կտանք զբոսաշրջությանը և մեր երկիրն էլ ավելի ներկայանալի կդարձնենք աշխարհի համար»։
Այս պահին մի շարք պետական գույքեր նախապատրաստում են օտարման գործընթացին՝ նշում է Առնակ Ավետիսյանը:
Առնակ Ավետիսյան - Կարող եմ ասել, որ 1 մլրդ և ավելի դրամ արժեցող պետական գույքային միավորների մասով մենք էս պահին ունենք բավականին ակտիվ նախապատրաստական գործընթաց օտարման ներկայացնելու տվյալ գույքերը:
Ներկայումս 1 մլրդ դրամից ավելի արժեքով 1 պետական գույք է աճուրդի դրված՝ Նորքի Այգիներ 180 հասցեում, առաջիկա օրերին աճուրդը տեղի կունենա:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան