ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տեսակապի միջոցով առանձին հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրո Կուլեբայի հետ: Այս մասին հայտնել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Ես խորապես անհանգստացած եմ Եվրոպայում հնարավոր ռազմական հակամարտությամբ և շահարկումների ակտիվացմամբ»,- հայտարարել է Գուտերեշը՝ հանդես գալով հայտարարությամբ:
Նա խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հետ իր բանակցություններից՝ հավելելով, որ պետք է շարունակել դիվանագիտական ջանքերը:
«Ես ողջունում եմ դիվանագիտական շփումների և հանդիպումների վերջին շարքը, այդ թվում՝ պետությունների ղեկավարների միջև: Սակայն պետք է ավելի շատ աշխատել, և ես ակնկալում եմ, որ բոլորը կակտիվացնեն իրենց ջանքերը: Աշխարհը պարզապես չի կարող հաշտվել նման աղետալի առճակատման հավանականության հետ»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: