Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կներդնի հայտարարագրման էլեկտրոնային նոր համակարգ: Առնվազն 35 հազար անձ տարեկան ներկայացնում է գույքի և եկամուտների մասին հայտարարագիր: Գույքի և եկամուտների մասին Հայաստանում հայտարարագրեր է ներկայացնում 9 հազար բարձրաստիճան պաշտոնատար անձ. հայտարարատու են նաև նրանց ընտանիքի անդամներն ու փոխկապակցված անձինք, բարձրաստիճան որոշ պաշտոնյաների մամուլի քարտուղարները, խորհրդականներն ու օգնականները:
Հանձնաժողովի ղեկավարի գնահատմամբ՝ թվային տեխնոլոգիաների ներդրումն ավելի արդյունավետ կդարձնի կոռուպցիայի կանխարգելումը:
Հայկուհի Հարությունյան (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ) - Հայտարարագիրը պարունակում է մինչև 5 բաժին տարբեր տեսակի և խորության տեղեկություններ, որոնց համադրման արդյունքում է, որ հստակ երևում է՝ արդյոք կոնկրետ պաշտոնատար անձը տարվա ընթացքում իր օրինական եկամուտը գերազանցող ծախս կամ գույք, գույքի փոփոխություն իրականացրե՞լ է, թե՞ ոչ: Նման աշխատանքն ուղղակի անհնար է գործող համակարգի միջոցով:
Գործող համակարգի միջոցով հավաքագրվում են հայտարարագրերը, հրապարակվում են ՓիԴիԷֆ ֆայլով, վերլուծության համար այն պետք է փոխել այլ ձևաչափի, ինչը նպատակահարմար չէ, մարդկային հավելյալ ռեսուրս է պահանջում: Ներդրվող համակարգով անձը նոր հայտարարագիր ներկայացնելիս ստիպված չի լինի բոլոր դաշտերը լրացնել, նախկինում գրանցված տվյալները կկարողանա ներբեռնել նոր հայտարարագիր:
Լիլիթ Ալեքսանյան (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ) - Կունենանք ավելի հեշտ օգտագործվող համակարգ, նաև ավելի ճիշտ, ճշգրիտ տվյալների շտեմարաններ ոչ միայն մեզ մոտ, այլ նաև մյուս պետական մարմիններում:
Թվային նոր համակարգը հնարավորություն կտա նաև մեդիադաշտի, քաղհասարակության ներկայացուցիչներին հեշտացված վերալուծություն կատարել. հանձնաժողովն այս պահին վիճակագրական վերլուծություն իրականացնելու դժվարություններ ունի:
Հայկուհի Հարությունյան - Կարծում ենք՝ սրանով Հայաստանում իսկապես նոր մոտեցում և առաջարկ է կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման տեսանկյունից թվային տեխնոլոգիաներն ինտեգրելու, արհեստական բանականության և հատուկ մշակված ալգորիթմների միջոցով ավտոմատացված այնպիսի համակարգ կառուցելու տեսանկյունից, որպեսզի միաժամանակ ապահովվի և՛ արդյունավետ հանրային հաշվետվողականությունը, և՛ հանձնաժողովը կարողանա իսկապես անկախության տեսանկյունից ապահովել, որ միջամտություն անձի կոնկրետ շահի պաշտպանության տեսանկյունից բացառվելու է:
Հայտարարագրման ռեեստրը մշակում է թվային տեխնոլոգիաներով զբաղվող տեղական կազմակերպություն: Աջակիցը Համաշխարհային բանկն է:
Աշոտ Հովհաննիսյան («Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմս» ընկերության հիմնադիր նախագահ) - Այդ համակարգերում անվտանգությունը համար մեկ խնդիրն է: Պարզ է, որ չի կարելի թույլ տալ, որ այդ տվյալները որևէ հոսք ունենան:
Հայկուհի Հարությունյան - Յուրաքանչյուր անձ ինքնուրույն թե՛ մաթեմատիկական, թե՛ այլ համադրման միջոցով կարողանա հավաստիանալ՝ կոնկրետ պաշտոնատար անձի գույքի, եկամուտների, ծախսերի, շահերի տեսանկյունից տվյալները հավաստի՞ են, թե՞ ոչ: Եթե ոչ, արդեն դիմի հանձնաժողովին, որ մենք կարողանանք նաև խորությամբ վերլուծել և հնարավոր անբարեխիղճ պաշտոնատար անձին ենթարկել առնվազն վարչական, իսկ արդեն առկա հիմքերի դեպքում գործն ուղարկել քրեական գործով նյութեր նախապատրաստելու համար:
Նախատեսվում է համակարգը ներդնել 2023-ի հունվարի 1-ից, ներկայացվող հայտարարագրերը կլինեն նոր ավտոմատացված համակարգի միջոցով: