Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի սփյուռքի հարցերով ԱԳ փոխնախարար Անդրեաս Կացանիոտիսի հետ։ Այս մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արտասահմանում երկու համայնքային կառույցների համագործակցության հեռանկարները։ Դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ հունական և հայկական համայնքային կառույցների միջև փոխվստահելի և ամուր ձևավորված համագործակցություն կա, ինչը հաճախ թույլ է տալիս բազմաթիվ հարցերի շուրջ միասնական հանդես գալ։
Հունաստանի ԱԳ փոխնախարարը մեծապես կարևորել է իր երկրում գործող հունահայ կառույցների դերը հայ-հունական հարաբերություններում։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է հունահայ համայնքային կառույցների հետ ձեռնարկվելիք մի շարք ծրագրեր։
Երկուստեք կարևորվել է մի շարք նախաձեռնությունների համատեղ իրականացման գաղափարը։ Անդրադարձ է կատարվել համապատասխան ոլորտը կարգավորող գերատեսչությունների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների վերսկսմանը։