Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակն Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Շաղափ վարչական շրջանում «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության ամրապնդում» դրամաշնորհային ծրագրով տեղադրել է ֆոտովոլտային արևային երկու կայան:
Արմեն Եսոյան (Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ ժամանակավոր պաշտոնակատար) - Վեդու խոշորացված համայնքի բնակավայրերի համար ստեղծվել են արևային կայաններ, որոնց նպատակը ջրային պոմպերի էլեկտրասնուցման ապահովումն է:
Շաղափում, ոռոգման ջրի երկու պոմպերի աշխատեցման համար նախատեսված՝ 14 և 24 կվտ հզորությամբ արևային այս կայանների շահագործումը, հնարավորություն կտա համայնքի բնակիչներին, կրճատել ոռոգման ջրի ծախսը՝ էլեկտրականության դիմաց գանձվող գումարի տնտեսման հաշվին:
Գարիկ Սարգսյան (Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար) - Շատ ուրախությամբ այսօր մենք ընդունում ենք այս արևային կայանները, որոնք մեր գյուղացիական տնտեսություններին հողօգտագործողներին մեծապես օգնելու են, հիմնականում՝ հոսանքի, էլեկտրաէներգիայի խնայողության հաշվին, իջնելու է 1 խոր. մ ջրի գինը:
Արևային կայանների շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերությունից ևս վստահեցնում են, որ 420 վատ հզորությամբ, 15 և 25 ԿՎ փոխակերպիչների վրա տեղադրված 93 մոնոկրիստալ վահանակները, զգալիորեն կնվազեցնեն ոռոգման ջրի ծախսը:
Ստեփան Մոսոյան (արևային կայաններ տեղադրող ընկերության տնօրեն) - Տեղադրված երկու կայանի գումարային արտադրողականությունը կանխատեսվում է մոտավորապես 60 000 ԿՎ ժամ/տարեկան կամ մոտ 3 մլն դրամի սահմաններում խնայողություն է բերելու համայնքին:
Ծրագիրը մեկնարկել է 2019-ին, ունի երեք բաղադրիչ: Արևային այս կայանները կառուցվել են ծրագրի առաջին՝ «Համայնքահեն խելացի գյուղատնտեսական գործելակերպի ներդրում դեգրադացված տարածքներում և բուֆերային գոտիներում» բաղադրիչով: Ծրագրի ղեկավարի խոսքով՝ Վեդի խոշորացված համայնքի բնակավայրերում մի շարք այլ աշխատանքներ ևս կիրականացվեն:
Արմեն Եսոյան - Առաջիկայում կիրականացվեն նոր ոռոգման ցանցերի, հողաբարելավման աշխատանքներ, ծրագրի բաղադրիչներից են համայնքի որոշ շահառուներին տրամադրելու են ջերմատներ, չորանոցներ:
Ծրագրի աշխատանքային խմբից ասում են՝ առաջին բաղադրիչի իրականացմամբ ակնկալում են՝ ընտրված համայնքների դեգրադացված տարածքներում ներդնել համայնքահեն խելացի գյուղատնտեսական գործելակերպ և նվազեցնել կլիմայական ռիսկերի նկատմամբ պահպանվող տարածքների խոցելիությունը:
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան