Չարենցի հոբելյանին ընդառաջ Հայաստանի գրողների միությունն ու գրողի տուն-թանգարանն արդեն սկսել են հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Գրողների միությունը, մարտի 13-ին պոետի հուշարձանի մոտ ավանդական հավաքից բացի, մարտի 16-ը Չարենցյան օր կհայտարարի, ավելի ուշ գրականության ինստիտուտի հետ գրականագիտական համաժողով կացկացնի: Լույս կտեսնի նաև միության նախագահի՝ Չարենցին նվիրված գիրքը:
Չարենցի տուն-թանգարանը հոբելյանին սկսել է նախապատրաստվել դեռ նախորդ տարվանից. նախաձեռնել է ծրագրերի մի ամբողջ շարք, որոնցից մի քանիսը դեռ մշակման փուլում են: Դրանցից մեկի՝ «Իմ Չարենցը» նախագծի շրջանակում Տավուշի գյուղերում բաժանել են Չարենցի հատորներն ու այս տարի էլ նույնը կանեն Սյունիքում և Կոտայքում:
Տարվա կարևորագույն ծրագրերը հրատարակչական նախագծերն են: Չարենցի երկերի լիակատար ժողովածուի ակադեմիական հրատարակությանն ընդառաջ թանգարանը սկսել է «Մասնավորից պետություն» նախագիծը, որի շրջանակում դիմում են բոլոր նրանց, որոնք չարենցյան ձեռագրեր ունեն, դրանք նվիրել կամ վաճառել թանգարանին՝ ժողովածուն իրապես լիակատար դարձնելու համար: Լիահույս են, որ արդեն տարեվերջին պատրաստ կլինի ժողովածուի առաջին հատորը:
Թանգարանն ավարտին է հասցրել եռամյա աշխատանքը և այս տարի գրական հանրությանը կներկայացնի թանգարանի 1400-ից ավելի գրքերի մատենագիտական ձեռնարկը: Եվ վերջապես, սկսել են թարգմանական ծավալուն մի ձեռնարկ. արդեն անգլերեն են թարգմանել պոետի առաջին կնոջը՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանին նվիրված «Տաղարանը», իսկ Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ այժմ Ֆրանսերեն են թարգմանում «Ծիածանի» 7 տասնյակից ավելի բանաստեղծություններ:
Եվ քանի որ տարին չարենցյան է, առաջարկում են Գիրք նվիրելու տոնին՝ փետրվարի 19-ին, այս տարի միմյանց բացառապես Չարենց նվիրել: