Հայաստանի առողջապահության նախարարությունը ձեռնամուխ է եղել արագ արձագանքման բժշկական թիմ ստեղծելու գործին, որը պատրաստ կլինի արձագանքել արտակարգ իրավիճակներում և տարբեր բնական աղետների ժամանակ: Նախատեսվում է, որ թիմը կգործի ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում ու այլ երկրներում:
Ի տարբերություն «Շտապ օգնություն» ծառայության, որի հնարավորությունները սահմանափակ են, այս թիմը կլինի բազմապրոֆիլ՝ հարուստ գործիքակազմով:
Արմեն Մելքոնյան (ՀՀ ԱՆ միջազգային հարաբերությունների վարչության պետ, Արագ արձագանքման բժշկական թիմի ղեկավար) - Հիմնականում դաշտային-ամբուլատոր պայմաններում են իրենք գործելու, եթե Հայաստանում կամ տարածաշրջանում, կամ միջազգային հարթակում ինչ-որ գլոբալ աղետ լինի, արտակարգ իրավիճակներ գրանցվեն, բացազատվելու են, և թիմը ծավալելու է գործունեություն:
Արագ արձագանքման բժշկական թիմերի միջազգային 3 դասակարգում կա՝ ամբուլատոր բուժօգնություն տրամադրող, վիրաբուժական ծառայություն մատուցող և մասնագիտացված հիվանդանոցային բուժօգնություն տրամադրող: Հայաստանում կձևավորվի առաջին տեսակը՝ մինչև 35 հոգանոց թիմով, որը կազմված կլինի արհեստավարժ բուժանձնակազմից և նյութատեխնիկական ապահովմամբ զբաղվող ստորաբաժանումից՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փորձագետներից: Նախատեսվում է, որ թիմը օրական սպասարկելու է մինչև 100 մարդու:
Արմեն Մելքոնյան - Համանման թիմ նաև ստեղծվելու է Վրաստանում, և մոտ ապագայում նախատեսվում են տարբեր թիմային մարզումներ, ինչպես առանձին՝ լոկալ բնույթ կրող, այնպես էլ Վրաստանում ձևավորվելիք թիմի հետ: Երկու թիմերն անցկացնելու են պարապմունքներ, այդ թվում՝ սիմուլյացիոն տարբեր վարժանքներ, շտաբային մարզումներ, դաշտային ուսումնավարժանքներ և այլն:
Ի դեպ, վերջին երկրաշարժն էլ, որ գրանցվեց Վրաստանում ու Հայաստանում, գալիս է հիմնավորելու, որ աղետները կարող են ընդհանուր լինել, իսկ դրանց համատեղ ուժերով դիմակայելը կլինի առավել արդյունավետ:
Հայաստանյան արագ արձագանքման թիմը նախատեսվում է ստեղծել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հենքի վրա, քանի որ այն բազմապրոֆիլ է, ունի բավարար կադրային ներուժ և համապատասխան տարածք: Թիմը վերջնական կձևավորվի առաջիկա ամիսներին, բայց արտակարգ իրավիճակներին արձագանքելու իրավունք կստանա Առողջապահության համաշխարհային կազմակերպության հավաստագիր ստանալուց հետո, որը կլինի, հավանաբար, տարեվերջին: Թիմում ներգրավվող մասնագետներն աշխատելու են կամավորության սկզբունքով՝ այդ ընթացքում պահպանելով իրենց աշխատատեղն ու աշխատավարձը:
Առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը չի բացառում, որ հետագայում գուցե դոնոր կազմակերպությունների միջոցով հնարավոր լինի ֆինանսական խրախուսում ապահովել, բայց նաև չի կարծում, թե գումարն ավելի մեծ խթան է, քան կյանք փրկելը՝ հիշելով Աբրահամ Լինքոլնի խոսքերը՝ «Կյանք տալուց հետո ամենահրաշալի բանը, որ մարդ արարածը կարող է անել. կյանք փրկելն է»:
Հեղինակ՝ Աննա Զախարյան