Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ու ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը ստորագրեցին հուշագիր, որով հետևելու են եթերում էթիկայի պահպանմանը: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում էթիկայի նորմերը լրատվամիջոցների ինքնակարգավորման ոլորտում են՝ ասում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահն ու ընդգծում՝ այսուհետև լրատվամիջոցները պետք է սոցիալական, հանրային պատասխանատվություն զգան, ու պետք է եթերում չօգտագործեն այն բառամթերքը, որը կարող է վիրավորել քաղաքացուն կամ, օրինակ, քաղաքական ուժին:
Տիգրան Հակոբյան (ՀՌՀ նախագահ) - Մենք առաջին անգամ ենք փորձարկում նոր օրենքով, որ ոչ թե կարգավորող մարմինն է պատժում, ոչ թե պետական մարմիններն են պատժում, եթե, իհարկե, քրեական հանցագործություն չէ, կամ եթե չկա ծանր վիրավորանք, ապա մամուլի միջոցները պետք է փորձեն հաղթահարել, այսպես ասած, բարդույթը՝ աջ ու ձախ վիրավորել մարդկանց:
Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի լիազորված անդամ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ հուշագիրը մեդիայի մասին օրենքի անորոշ դրույթերը հստակեցնելու լավագույն միջոցն է: Այն կնպաստի նաև լրատվամիջոցների ինքնակարգավորմանն ու մասնագիտական էթիկայի պահպանմանը:
Բորիս Նավասարդյան (Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի լիազորված անդամ, ԵՄԱ նախագահ) - ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը խորհրդատվական ծառայություններ է մատուցելու ՀՌՀ-ին այն հարցերում, որոնք վերաբերում են լրագրողական էթիկային, և զուգահեռ համատեղ փորձելու ենք Հայաստանում զարգացնել ինքնակարգավորման մեխանիզմները, որպեսզի պրոֆեսիոնալներն իրենք կարողանան մեդիադաշտի այնպիսի բովանդակություն ապահովել, որն առավել արդյունավետ ծառայում է հանրային շահին:
Եթե կարգավորող մարմինը մասնագիտական էթիկայի խախտման դեպքեր է արձանագրում, խնդիրներ նկատում կամ էլ դրանց մասին դիմումներ ստանում քաղաքացիներից, քաղաքական ուժերից, պետական մարմինների ներկայացուցիչներից, ապա անմիջապես դիմում է տվյալ հեռուստաընկերությանը կամ դիտորդ մարմնին, որի անդամ է տվյալ հեռուստաընկերությունը:
Տիգրան Հակոբյան - Սա միայն լրատվամիջոցների ու կարգավորող մարմինների խնդիրը չէ, այլ նաև ցանկացած քաղաքացի, ուժ, իրավաբանական անձ պետք է պահպանի իր իրավունքները, և նրանք պատասխանի իրավունք պետք է ունենան: Երբ լրատվամիջոցը խախտում է այդ կանոնները, նրանք պետք է հերքում պահանջեն այդ լրատվամիջոցից:
Տիգրան Հակոբյանը նշում է, որ իրենք զսպաշապիկ կհագցնեն այն լրատվամիջոներին, որոնց համար էթիկայի կանոնների խախտումներն ամենօրյա են դարձել: Օրենքը շրջանցելու դեպքում պատիժ կկրեն ներողություն խնդրելով և հերքելով եթերում: Իսկ եթե տարվա ընթացքում էթիկայի նորմերի խախտումները հաճախակի բնույթ կրեն, հանձնաժողովն իրավասու է միջոցներ ձեռնարկել, մինչև անգամ ժամանակավոր դադարեցնել եթերը: