Գորիսի ճարտարապետությանը բնորոշ շենքեր՝ կարմիր կտուրներով ու փայտե բազրիքով. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը վերականգնում է Գորիսի կենտրոնական մասի պատմամշակութային միջավայրը:
Արթուր Սողոմոնյան (Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն) - Այս պահի դրությամբ զբոսաշրջային ենթակառուցվածքների առումով երկու բաղադրիչ արդեն իսկ ավարտվել են Գորիսում, և դրանք արդեն իսկ նկատելի են: Մեկը Վարարակն գետի հունի մաքրումն էր և աջակողմյան հատվածի բարեկարգումը և Գորիսի կենտրոնական մասի պատմական միջավայրի, տների ֆասադների և տանիքների փոխարինումն էր, որով վերականգնվել էր հին Գորիսի պատկերը:
Ծրագիրն իրականացվում է մի քանի փուլով. հին Գորիսի միջավայրի վերականգնումը մեկնարկել է 2020-ի ապրիլին՝ Կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով:
Գագիկ Գրիգորյան (շինարարության որակի տեխնիկական հսկիչ) - Երկրորդ փուլի շրջանակներում նախատեսված է ամբողջությամբ վերակառուցել պատմամշակութային կենտրոնի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը: Աշխատանքներն արդեն սկսված են 2021-ի մայիսից: Այս պահին Գորիսում կառուցվել է մոտ 10 կմ ջրագիծ: Դրանք մագիստրալ ջրագծեր են:
Տուրիստական ենթակառուցվածքների բարելավման երրորդ բաղադրիչը կապված է ջրահեռացման ու ջրամատակարարման համակարգերի վերականգնման հետ: Ընթացքի մեջ է 800 մ փողոցի բարեկարգումը, արտաքին լուսավորության ապահովումը, հետիոտն և հեծանվային երթուղու ձևավորումը:
Արթուր Սողոմոնյան - Այն ենթադրում է, որ այդ հատվածում՝ կենտրոնական մասում, պետք է բարեկարգվեն ճանապարհները, մայթերը, լուսավորությունը: Ուղղակի սպասում ենք, որ ջրահեռացման համակարգն ամբողջությամբ կառուցվի:
Տեղ-տեղ փողոցներն ու մայթերը սալապատված կլինեն՝ ինչպես հին Գորիսում: Քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերակառուցումն իրականացվում է գերմանական «Կա-Էֆ-Դաբլյու» բանկի միջոցներով:
Գագիկ Գրիգորյան - Գորիս քաղաքի կենտրոնական մասի ջրագծերը կառուցվել են 70-ականներին, դրանք ֆիզիկապես մաշվել են, բավական շատ հատվածներում ունենք ջրի կորուստներ: Դրանցից խուսափելու, հետագայում՝ վերականգնվող հատվածի որակական հատկանիշները պահպանելու համար անհրաժեշտություն է առաջացել ամբողջ կոմունիկացիաները փոխարինել:
Ծրագիրը ներառում է հանրապետության 6 մարզերը: Ընդհանուր առմամբ նախատեսված է 11 քաղաքի և 41 գյուղական բնակավայրի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում ու վերակառուցում:
Գագիկ Գրիգորյան - Տեղադրվում են ժամանակակից պոլիէթիլենային խողովակներ, որոնց և՛ պահպանման ժամկետներն են երկար՝ մինչև 100 տարի, և՛ սանիտարահիգիենիկ տեսակետից ավելի նպատակահարմար են:
Այս ծրագրերով կարմիր կտուրներով քաղաքում կատարված ներդրումն ընդհանուր առմամբ 1 մլն 270 հազար դոլար է կազմում: Գորիսից հետո նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է սկսել նաև Մեղրիի «Հին թաղ» կոչվող հատվածի վերականգնման աշխատանքները: Սա կնպաստի, որ Գորիս եկող զբոսաշրջիկի երթուղին անցնի Մեղրիով: