44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն այսօր անդրանիկ նիստը գումարեց:
Այն դռնբաց էր, ներկա էր նաև խորհրդարանական ընդդիմությունը, չնայած դեռ անցած ուրբաթ հայտարարությամբ հրաժարվել էին աշխատանքներին մասնակցելուց: Քննիչ հանձնաժողովը գլխավորող Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց՝ ի վերջո, ի՞նչ են որոշել «Հայաստանի» ու «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները: Իրենց միասնական տեսակետն է՝ իշխանությունը չի կարող օբյեկտիվ ուսումնասիրություն անել՝ արձագանքեց Տիգրան Աբրահամյանը, նրան միացավ Գեղամ Մանուկյանը:
Տիգրան Աբրահամյան (ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ) - Մենք համարում ենք, որ դրա աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ այս իշխանությունը ուղղակի չլինի իշխանության, այսինքն՝ անկախ այն հանգամանքից՝ այդ դեպքում իշխանությունը դուք եք թե երկրորդ որևէ մեկը, այն իշխանությունը, որն ունի պատասխանատվություն, որի օրոք տեղի են ունեցել իրադարաձությունները, բնականաբար, նրա գլխավորությամբ իրականացվող աշխատանքը չի կարող ունենալ օբյեկտիվություն:
Գեղամ Մանուկյան (ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ) - 2016 թվականի ռազմական գործողությունների քննությունը, երբ դրանք եղան, իշխանության էր ՀՀԿ-ն, քննությունը եղավ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն-ն արդեն իշխանության չէր, և դա, բնականաբար, թույլ էր տալիս օբյեկտվություն ապահովել:
Հանձնաժողովի ձևավորման մասին մամուլից են տեղեկացել, իրենց հետ չեն խորհրդակցել՝ պնդեց Մանուկյանն ու հավելեց՝ որոշ անձանց որպես փորձագետ ներգրավելն էլ ավելի է դժվարացնելու օբյեկտիվ որոշման հանգելու հարցը:
Գեղամ Նազարյանն էլ, որ այս պատերազմում որդուն է կորցրել, ասաց՝ այնպես չէ, որ ամբողջությամբ մի կողմ են քաշվելու ու կողքից հետևեն աշխատանքներին, հընթացս կորոշեն՝ ինչ անել:
Գեղամ Նազարյան (ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ) - Մենք պաշտպանության հանձնաժողովի անդամ ենք և իրավունքի ուժով նաև քննիչ հանձաժողովի անդամ ենք ու ազատ ենք որոշելու մասնակցության ձն ու ձևաչափը:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ) - Ես չհասկացա՝ դուք ըստ ցանկությա՞ն եք որոշելու մասնակցել թե չէ, էդպես չի լինում, պարոն Աբրահամյանից լսեցի, որ չեն մասնակցելու, Գեղամ Նազարյանից բան չհասկացա:
Չմասնակցելու որոշումը թող քաղաքական չլինի, քննիչ հանձնաժողովին ծանր ու ծավալուն աշխատանք է սպասվում՝ շարունակեց Քոչարյանը: Մանուկյանը, Նազարյանն ու Աբրահամյանը, սակայն, լքեցին դահլիճը: Նիստին մնացած բացառապես ՔՊ-ի պատգամավորները հաստատեցին աշխատակարգը, նախագահն էլ մանրամասնեց՝ նիստերին, որոնք, նախնական գնահատմամբ, մեկ տարի հաստատ կձգվեն, կմասնակցեն նաև զոհերի հարազատները, իսկ հրավիրյալ պաշտոնյաների ցանկը մեծ կլինի:
Անդրանիկ Քոչարյան - Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվեց, որ մեր ընդդիմադիր գործընկերները բաց ճակատով գան ու իրենց հետաքրքրող հարցերը ուղղեն ցանկացած պաշտոնյանի, ցանկացած փաստաթղթի ծանոթանալու առումով, և դա արդեն խոսում է, թե ինչ որակի ընդդիմություն ունեք:
Հետո արդեն իշխանությունն ու ընդդիմությունն առանձին-առանձին ասուլիսներ հրավիրեցին:
Խոսելով արտախորհրդանական ուժերի մասնակցությունից՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց՝ դեռ վերջնական որոշում չկա: Ինչ վերաբերում է փորձագետներին, որոնցից մեկն էլ ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն է, ասաց՝ նա տիրապետում է շատ մեծ տեղեկության:
Անդրանիկ Քոչարյան - Դու հիմա էն պատկերի շուրջ եք, որ Արծրուն Հովհաննիսյանի շուրջ փորձեցին ստեղծել, Արծրուն Հովհաննիսյանը, որպես ՊՆ-ի էդ ժամանակ ինֆորմացիայի կրող, շատ արժեքավոր է լինելու մեր հանձնաժողովի աշխատանքների ընթացքում:
Պատերազմի թիվ մեկ մեղավորն իրեն որակող իշխանությունն այս հանձնաժողովում փորձելու է պատասխանտվությունը տեղափոխել ստորին օղակների վրա, հատկապես ընդդիմախոսների, իրենց քննդատատողերի՝ ընդդիմությունից նորից պնդեցին արդեն իրենց ասուլիսի ժամանակ: Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ են հրաժարվում մասնակցելուց, եթե կարող էին վերահսկող օղակ դառնալ, փորձել թույլ չտալ, իրենց խոսքով, պատասխանատվությունից խուսափելը:
Տիգրան Աբրահամյան - Եթե իշխանությունը օբյեկտիվ քննություն տանի, դուրս է գալու իր վրա, ու ինքը պետք է իրավական ու քաղաքական պատասխանտվության ենթարկվի: Հանձնաժողովում զուտ ընդդիմության ներկայությունը, զուտ ակտիվության ապահովումը այդ հանգամանքների վրա ազդելու մեծ հնարավորություն ուղղակի չեն տալու:
Գեղամ Նազարյան - էս կազմով, էս ձևերով, էս մեխանիզմով մեր ամենամեծ ցանկության դեպքում դա հնարաոր չէ անել, բայց այնպես չէ, որ մի կողմ ենք քաշվելու. մենք ունենք հնարավարություն ծանոթանալու և՛ ձայնագրութուններին, և՛ տեսաձայնագրություններին:
Գեղամ Նազարյանը տեղեկացրեց՝ աշխատում է նաև զոհվածների ծնողների հետ և, կախված իրավիճակից ու նրանց մասնակցությունից, կորոշի նաև իր ներկայության հարցը:
Հանձնաժողովն օբյեկտիվության խնդիր ունենալ չի կարող՝ պնդեց Արմեն Խաչատրյանը և հորդորեց ընդդիմությանը մասնակցել. բոլորին հարցեր տալու հնարավորություն կունենան՝ սկսած վարչապետից:
Արմեն Խաչատրյան (ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ) - Եթե օբյեկտիվությունից եք խոսում, եկեք ապահովեք էդ օբյեկտիվությունը, հավասարակշռությունը:
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հետագա նիստերը կընթանան դռնփակ: