Հայաստանում արձանագրված 6-7 բալանոց երկրաշարժը կրկին օրակարգ բերեց հանարապետության շենքերի սեսմիկ անվտանգության հարցը: ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» տնօրեն Սոս Մարգարյանն արձանագրեց, որ խորհրդային տարիներին կառուցված շենքերի զգալի հատվածն ունի բարձր խոցելիություն:
Սոս Մարգարյան («Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - Ժամանակին՝ դեռ Խորհրդային Միության տարիներին, սեյսմիկ վտանգը թերագնահատված էր: Այսինքն՝ 9 կամ 10 բալի համար պետք է կառուցվեր, բայց կառուցվում էր 7 կամ 8 բալի համար: Հայաստանը բաժանված էր 7 կամ 8 բալի, խնդիրների մեծ մասը սրանից է, ու բոլորս հասկանում ենք, որ ծախսատար ու ժամանակատար խնդիր է:
Քաղաքաշինության կոմիտեի տվյալով՝ Հայաստանում 19 183 բազմաբնակարան շենք կա: Տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտական եզրակացության համաձայն, 614 շենք անբավարար տեխնիկական վիճակում է, 90-ը 4-րդ աստիճանի վնասվածություն ունի, 524-ը՝ 3-րդ աստիճանի: Բազմաբնակարան շենքերը շահագործման ընթացքում ձեռք են բերում մաշվածության տարբեր աստիճաններ, բացի դրանից՝ ենթարկվում են տարբեր բնական և տեխնածին բացասական ազդեցությունների:
Տանյա Արզումանյան (Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ) - Բազմաբնակարան շենքի արդիականացում շատ անգամ ընկալվում է մուտքի ներկումը, դռան փոխարինումը, որը բուն շենքի ամրության ու անվտանգության հետ որևէ առնչություն չունի:
Փետրվարի 4-ից Քաղաքաշինության կոմիտեի նախագահի նոր հրամանով գործում են բազմաբնակարան շենքերի պահպանման, շահագործման և արդիականացման նոր կանոններ: Վերահսկողությունը համայնքները պետք է իրականացնեն, օրինախախտները վարչական պատասխանատվության կենթարկվեն: Տանյա Արզումյանյանի խոսքով՝ հիմնական նպատակը շենքերի անվտանգությունն ապահովելն ու անվտանգային խնդիների առաջացումը կանխելն է:
Տանյա Արզումանյան - Բնակֆոնդը 2 հիմնախնդի ունի՝ մեկն արդեն իսկ վատ վիճակում հայտնված ֆոնդը թարմացնել է՝ քանդել, վերաբնակացնել կամ ուժեղացնել, մյուսը՝ պրոֆիլակտիկ աշխատանքներ, միջոցառումներ:
Բնակելի շենքերի կառավարման պատասխանատուները գրեթե չեն ձեռնարկում շենքի պահպանման համար անհրաժեշտ միջոցառումներ՝ վտանգելով նաև մարդկանց առողջությունն ու անվտանգությունը՝ ասում է Տանյա Արզումանյանը, նկատում՝ նոր փաստաթղթում նկարագված են շենքի կոնստրուկցիաներից մինչև ջրահեռացման համակարգերի ու նկուղների պահպանման չափորոշիչները:
Տանյա Արզումանյան - Փաստաթղթի էական նշանակություններից մեկն այն է, որ նախատեսվում է դրա հիման վրա, ըստ կառավարման ծրագրի, կառավարման գործառույթներ իրականացնող մարմինների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպել:
Այս փաստաթուղթը բխում է նաև սեսմակայունության բարձրացման տրամաբանությունից:
Տանյա Արզումանյան - Այն անհանգստացնող նշանները, որոնք ի հայտ կգան ու կվկայեն, որ սեյսմիակայի առումով էլ խնդիր կա, այս դեպքում անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկել շենքի տեխնիկական վիճակի հետազոտություն պատվիրելու համար:
Բազմաբնակարան շենքերի արդիականացման ու պահպանման աշխատանքները պետք է իրականացնեն լիցենզավորված կազմակերպությունները, որպեսզի բացառվեն քաղաքացիների կամ շենքի կառավարիչների ոչ մասնագիտական մոտեցման բացասական հետևանքները՝ նշեց Արզումանյանը: Շենքի պահպանման աշխատանքների ծախսը սեփականատերերինն է: Փաստաթուղթն այս պահին բազմաբնակարան շենքերին է վերաբերում, չի բացառվում՝ հետագայում ընդլայնվի ու տարածվի նաև վարչական շենքերի վրա:
Հեղինակ՝ Անի Օհանյան