ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՅԴԵՆ-ԶԵԼԵՆՍԿԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Բայդեն-Զելենսկի զրույցը տևել է գրեթե մեկ ժամ: Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցում քննարկվել են անվտանգության հետ կապված ընթացիկ իրավիճակը, տնտեսության հարցերը, պատժամիջոցները և ՌԴ-ի կողմից ենթադրյալ ագրեսիան: Զելենսկին Բայդենին հրավիրել է Կիև և հայտարարել, որ նրա այցը կնպաստի սահմանի իրավիճակի լարվածության թուլացմանը: Ուկրաինա այցելելու հրավերի մասին Բայդենի արձագանքը դեռ չի հրապարակվել:
CNN-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան աղբյուրը նշել է, որ Սպիտակ տան առաջնորդի այցը քիչ հավանական է: Հեռախոսազրույցի ընթացքում Զելենսկին նշել է նաև, թե ամերիկյան լրացուցիչ օգնությունը կվկայի Արևմուտքի աջակցության մասին և, բացի դրանից՝ ցույց կտա, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումն ապարդյուն կլինի:
Նախագահ Բայդենը հաստատել է նախագահ Զելենսկուն ԱՄՆ-ի հավատարմությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանը։ Ղեկավարները համաձայնել են, որ պետք է շարունակեն դիվանագիտական ջանքերը և զսպման քաղաքականությունը՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանների մոտ ռազմական ուժերի ավելացման»,- ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:
ՌԴ-Ն ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԻ ՍՏԱՑԵԼ. ՊԵՍԿՈՎ
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններն իրականում ընկած են հատակին` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Դմիտրի Պեսկովի խոսքով` ԱՄՆ ներկայիս վարչակազմի հետ աշխատելու դրական կողմը երկխոսության որոշակի ուղիների առկայությունն է, քանի որ մի քանի տարի առաջ երկխոսությունը զրոյական էր: Խոսելով անվտանգության երաշխիքների մասին՝ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը դեռ չի ստացել անվտանգության երաշխիքների վերաբերյալ ուղիղ պատասխաններ. Արևմուտքը, Պեսկովի համոզմամբ, փորձում է կենտրոնանալ մանր դետալների վրա, սակայն Ռուսաստանի նախագահը կշարունակի պնդել, որ այդ հարցերը չպետք է անուշադրության մատնվեն:
ԿԻԵՎԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ
Կիևը խնդրել է 48 ժամվա ընթացքում հանդիպում կազմակերպել Ռուսաստանի և Վիեննայի փաստաթղթի բոլոր մասնակից երկրների հետ՝ քննարկելու անվտանգության իրավիճակը։ Փաստաթղթի համաձայն, եթե որևէ երկիր մտահոգություններ ունի մեկ այլ երկրի ռազմական ակտիվության հետ կապված, վերջինս պարտավոր է մանրամասն բացատրություն ներկայացնել: Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Թվիթերում գրել է, որ Ռուսաստանը չի պատասխանել Վիեննայի փաստաթղթի Կիևի խնդրանքին։ Նրա խոսքով, եթե Ռուսաստանը «լուրջ է վերաբերվում իր խոսքերին՝ ԵԱՀԿ տարածքում անվտանգության անբաժանելիության մասին», ապա պետք է կատարի ռազմական թափանցիկության իր պարտավորությունները՝ լարվածությունը նվազեցնելու և բոլոր մասնակից պետությունների անվտանգությունը ամրապնդելու համար։ Փետրվարի 11-ին, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը հայտնել էր, որ Ուկրաինան 48 ժամվա ընթացքում սպասում է Ռուսաստանի պատասխանին, որը կպարունակի տեղեկատվություն ռազմական ակտիվության ոլորտների և սահմանին գտնվող զորքերի թվի մասին։
ԱՄՆ-Ը ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՍՈՒԶԱՆԱՎԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ ԿՏԱ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻՆ
ԱՄՆ-ը հաստատել և հրապարակել է հնդկական-խաղաղօվկիանոսյան առաջին ռազմավարությունը, որով ամփոփվել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տարածաշրջանային շրջագայությունը: Ըստ ռազմավարության՝ տարածաշրջանի երկրների հետ Վաշինգտոնի համագործակցությունն առաջին հերթին ուղղված է Չինաստանի ազդեցության աճը կանխելուն։ Փաստաթղթի համաձայն՝ Բայդենի վարչակազմը կենտրոնանում է դաշնակիցների հետ համատեղ աշխատանքի վրա, հատկապես Քառակողմ անվտանգության երկխոսության շրջանակներում, որը բացի ԱՄՆ-ից ներառում է Ճապոնիան, Հնդկաստանը և Ավստրալիան։ Հնդկական-խաղաղօվկիանոսյան ռազմավարության իրականացման ևս մեկ գործիք է դառնալու AUKUS եռակողմ դաշինքը՝ Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ: 70 տարվա ընթացքում առաջին անգամ Վաշինգտոնը խոստացել է տրամադրել միջուկային սուզանավերի տեխնոլոգիան մեկ այլ երկրի՝ Ավստրալիային: Վաշինգտոնը նախատեսում է նաև ամուր հարաբերություններ կառուցել տարածաշրջանային առաջատար գործընկերների հետ, այդ թվում՝ Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի, Թայվանի, Վիետնամի և Խաղաղ օվկիանոսի կղզիների հետ:
ԻՐԱՆԸ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ Է ԲԱՆԱԿՑՈՒՄ
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հեռախոսազրույց է ունեցել Վիեննայում Իրանի ավագ բանակցող Ալի Բաղերիի հետ։ Շամխանին նշել է, որ իրանցի բանակցողները դժվարությունների են հանդիպում, իսկ արևմտյան կողմը շարունակում է իր պարտավորություններից խուսափելու շոուն: Ավելի վաղ, նշելով, որ Իրանի իրական և արդյունավետ տնտեսական շահի ապահովումը համաձայնության անհրաժեշտ պայմանն է, Շամխանին հայտարարել էր, որ պատժամիջոցների վերացումը կառուցողական քայլ չի համարվում:
ՇՏԱՅՆՄԱՅԵՐԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ
Գերմանիայի Դաշնային ժողովըսոցիալ-դեմոկրատ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի նախագահ է վերընտրել հնգամյա ժամկետով: Շտայնմայերի թեկնածությանն աջակցել են ինչպես իշխող կոալիցիայի կուսակցությունները, այնպես էլ Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների ընդդիմադիր դաշինքը: Շտայնմայերը Գերմանիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի մարտի 19-ից, երբ նա փոխարինել է Յոահիմ Գաուկին։