Վրացական սոցցանցում երկրաշարժի մասին կատակներից մեկի պատճառով Բաթումի սպորտի և երիտասարդության պետական կենտրոնի տնօրեն Թեմո Խասիան ազատման դիմում է ներկայացրել՝ գրում է apsny.ge-ն:
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել էր հետևյալ «կատակը». «Մեկ ցնցում, և մենք կվերացնենք վթարային տների խնդիրը»:
Բաթումում, որտեղ վերջերս վթարային շենքի փլուզման պատճառով ողբերգություն էր տեղի ունեցել, անբարեխիղճ գրառումը բացասական մեկնաբանությունների բուռն ալիք է բարձրացրել:
Մի քանի ժամ անց Խասիան սոցցանցի իր էջում գրել է, որ լքում է պաշտոնը՝ հաջողություն մաղթելով մարզական կենտրոնի աշխատակիցներին։ Երկու գրառումն էլ ավելի ուշ հեռացվել են։