ԻՐԱՔ
ԼԻԲԱՆԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՐՏԵՖԱԿՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Լիբանանից Բաղդադ են վերադարձվել բազմաթիվ արտեֆակտներ` տարբեր ձևերի ու չափսերի: Դրանցից մի քանիսի վրա նաև սեպագիր արձանագրություններ կան:
Այս 337 արտեֆակտները թվագրվում են աքքադական և Հին Բաբելոնյան ժամանակաշրջաններով: Դրանք հայտնաբերվել են նախկին Հին Միջագետքի տարածքում, որտեղ ժամանակին օգտագործել են աշխարհի հնագույն գրային համակարգերից մեկը` սեպագիրը: Այդ գիրն այն ժամանակ օգտագործել են տարածաշրջանում կիրառվող տարբեր լեզուների համար:
Այս արտեֆակտներն Իրաք վերադառնալուց առաջ ցուցադրվել են Լիբանանի Նաբու մասնավոր թանգարանում: 2018 թվականից ի վեր, լիբանանյան կոմիտեն հետաքննում էր դրանց ծագումը: Աշխատանքն ավարտելուց հետո անգին գտածոները Բեյրութը վերադարձրել է Բաղդադին:
Իրաքի մշակույթի նախարար Հասան Նադհեմի խոսքով, անցած տարի ԱՄՆ-ն Իրաքին է վերադարձրել մոտ 17 հազար արտեֆակտ: Դրանց թվում է հայտնի Գիլգամեշի «Երազանք» կոչվող հուշատախտակը: Ինչպես գիտեք, Գիլգամեշը 3500-ամյա շումերական էպոս է, որը համարվում է աշխարհի առաջին գրական ստեղծագործություններից մեկը:
Իրաքի հնագույն ժառանգությունը ոչնչացվել է հակամարտությունների, ավերածությունների և թալանի հետևանքով, հատկապես 2003 թվականից ի վեր: Հազարավոր արտեֆակտներ դեռևս անհետ կորած են համարվում:
Իսկ 2014 թվականից հետո «Իսլամական պետության» գրոհայիններն ավերել են պատմական վայրերը, թալանել դրանք և անգին արտեֆակտներն իրացրել մաքսանենգ ճանապարհով:
Հասան Նադհեմ (Իրաքի մշակույթի նախարար) - Մենք այժմ ճշգրիտ վիճակագրություն չունենք, թե մաքսանենգ ճանապարհով ինչ է դուրս բերվել մեր երկրից: Դուք գիտեք, որ այդ գործողություններն անվերահսկելի են եղել: Իրականում հնարավոր էլ չէ վերահսկել Իրաքի հազարավոր հնագիտական վայրերը, սակայն մենք աշխատում ենք այդ ուղղությամբ:
Միջազգային տարբեր կազմակերպությունների օգնությամբ այժմ Իրաքի իշխանությունները փորձում են գտնել, վերադարձնել ու պահպանել իրենց հնագիտական մասունքները:
ՖՐԱՆՍԻԱ
ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀՍԿԱ ԳԼՈՒԽՆԵՐԸ ՆԻՍԻ ԿԱՌՆԱՎԱԼՈՒՄ
2021 թվականին 150 տարվա պատմություն ունեցող Նիսի կառնավալը չեղարկվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս տարի որոշել են այն կրկին անցկացնել: Այս անգամ միջոցառման թեման է «Կենդանիների արքան»:
Ընդհանուր առմամբ, ներկայացվել է 17 հսկա արձան: Կարելի է հանդիպել կենդանիների ամենատարբեր տեսակների` մռնչացող գորիլայից սկսած՝ աղոթող մանտիսով վերջացրած:
Սակայն քանի որ 2022-ը Ֆրանսիայի համար ընտրությունների տարի է, որոշել են ներկայացնել նաև նախագահի հավանական թեկնածուների գլուխների հսկա արձանները: Դրանց թվում է գործող նախագահ, երկրի ղեկավարի հավանական թեկնածու Էմանուել Մակրոնի գլխի արձանը:
Պիեռ Պովինյա (կառնավալային արձանների վարպետ) - Կարծում եմ, որ մարդիկ շատ երկար ու անհամբեր սպասել են այս միջոցառմանը: Ինձ հաճախ են հարցրել, արդյո՞ք այն տեղի կունենա, թե` ոչ: Եթե, ի վերջո, կայանա, շատ մեծ հաջողություն կունենա: Կտեսնենք` ինչ սահմանափակումներ կլինեն, որքան մարդու թույլ կտան մասնակցել: Իսկապես շատերն են սպասում այս կառնավալին:
Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների համաձայն, ընդամենը հինգ հազար հանդիսական կարող է նստած դիտել միջոցառումը, սակայն կազմակերպիչները լիահույս են, որ ևս յոթ հազար մարդ այն կանգնած դիտելու հնարավորություն կունենա: Նախկինում ամեն տարի Նիսի կառնավալի շքերթն առնվազն 200 հազար հանդիսական է ունեցել:
ԻՆԴՈՆԵԶԻԱ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ` ՎԵՑԱՄՅԱ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Ինդոնեզիայում կոկորդիլոսը, որի պարանոցը խրված էր մոտոցիկլետի անվադողի մեջ ավելի քան 6 տարի, վերջապես ազատ է արձակվել: Սողունի փրկիչը 35-ամյա Թիլի անունով մի տղամարդ է, որը բնակվում է Կենտրոնական Սուլավեսի նահանգում:
Կոկորդիլոսին բռնելուց հետո Թիլին փոքր սղոցով կտրել է անվադողը և ազատել կենդանուն: Հետո, իհարկե, լուսանկարվել է նրա հետ: Թիլին խոստովանում է, որ իրականում շատ դժվար էր բռնել այս կոկորդիլոսին, քանի որ նա հազվադեպ էր հայտնվում ջրի երեսին: Երեք շաբաթ շարունակ Թիլին փորձել է բռնել կոկորդիլոսին:
Տեղացիները սկսել էին այս կոկորդիլոսին շատ հավանել և անհանգստանում էին, որ անվադողն, ի վերջո, կխեղդի նրան, քանի որ կենդանին գնալով մեծանում էր:
Իրականում 2020 թվականին նահանգային իշխանությունները մրցանակ էին խոստացել այն համարձակ մարդուն, որը կկարողանար կոկորդիլոսի պարանոցից հեռացնել անվադողը: Այժմ հայտնի չէ` Թիլին կարժանանա որևէ մրցանակի, թե` ոչ: Տղամարդը վստահեցնում է, որ իր ամենամեծ մոտիվացիան եղել է կենդանուն օգնելը:
ԻՌԼԱՆԴԻԱ
ԻՌԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԿՆՇԵՆ ՍՈՒՐԲ ՊԱՏՐԻԿԻ ՕՐԸ
Երեք տարվա ընթացքում առաջին անգամ Դուբլինում կնշվի Սուրբ Պատրիկի տոնը, շքեղ շքերթ է նախատեսված: Միջոցառման հետաձգման պատճառը դարձյալ կորոնավիրուսն էր: Տոնի կազմակերպիչները լիահույս են, որ Սուրբ Պատրիկի օրվա շնորհիվ զբոսաշրջությունը կվերակենդանանա Իռլանդիայում:
Թոմ Քլիրի (բարի սեփականատեր) - Անչափ ուրախ ենք, որ Սուրբ Պատրիկի օրը վերադառնում է: Մեր բարը գրեթե երկու տարի փակ է եղել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով: Տեսնում ենք, որ մարդիկ աստիճանաբար վերադառնում են: Նրանք վստահություն են ձեռք բերել, որ կարելի է արդեն ճանապարհորդել:
Մարտի 17-ի Սուրբ Պատրիկի պետական տոնը, որը նշվում է շքերթներով երկրի բոլոր քաղաքներում ու գյուղերում, առաջին խոշոր իրադարձություններից մեկն էր, որը չեղարկվել էր 2020 թվականին՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:
Իսկ անցած ամիս Իռլանդիայի կառավարությունը հանել է «Քովիդ-19»-ի հետ կապված գրեթե բոլոր սահմանափակումները, քանի որ Իռլանդիան Եվրոպայում պատվաստումների հետ կապված ամենաբարձր ցուցանիշը գրանցած երկրներից մեկն է: Նախատեսվում է, որ այս ամսվա վերջին Իռլանդիայում կվերանա նաև դիմակ կրելու պահանջը:
Մինչև կորոնավիրուսը Դուբլինի գլխավոր շքերթն ավելի քան 500 հազար հանդիսական էր ունենում: Հնգօրյա միջոցառումն ազդարարում էր Իռլանիայում զբոսաշրջության սեզոնի բացումը:
ԱԼԺԻՐ
ԱԼԺԻՐՑԻ ԴԱՐԲԻՆԸ՝ ՆԱԵՎ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ
Ալժիրի Սետիֆ քաղաքում ապրող քանդակագործ Վալիդ Թրիբեչեի արհեստանոցի դիմաց ձիու սև ու ոսկեգույն արձան է կանգնած: Եվ նա այնտեղ մենակ չէ, ուրիշ կենդանիների արձաններ էլ կան: Մոտիկից նայելու դեպքում, հասկանում ես, որ դրանք մետաղի թափոնից են պատրաստված:
Թրիբեչեն 20 տարի դարբին է աշխատել: Օրերից մի օր որոշել է իր մասնագիտությունն օգտագործել` ժամանակակից արվեստի նմուշներ ստեղծելու համար: Նա սկսել է վերամշակված երկաթի թափոններից արձաններ քանդակել:
Սկզբում նրա ստեղծագործությունների գնորդների թիվն այնքան էլ մեծ չի եղել, քանի որ արվեստի այս ուղղությունը նորություն էր Ալժիրում: Իսկ այժմ Թրիբեչեի աշխատանքներն այնքան մեծ պահանջարկ են վայելում, որ կարողանում է դրանց վաճառքից գումար վաստակել ու ապրել:
Վալիդ Թրիբեչե (դարբին-քանդակագործ) - Ունեմ հաճախորդներ, որոնք գալիս են ու կոնկրետ որևէ քանդակ պատվիրում` հատուկ իրենց տան կամ խանութի ձևավորման համար: Ինձ այս աշխատանքը գոհացնում է, քանի որ իմ արվեստի գործերն արժանանում են մարդկանց հիացմունքին:
Թրիբեչեն այժմ ցանկանում է դուրս գալ միջազգային ասպարեզ, ծանոթանալ այս ուղղությամբ ստեղծագործող այլ մասնագետների հետ, տեսնել նրանց աշխատանքները, և ինչու` ոչ, մասնակցել միջազգային ցուցահանդեսների:
ՉԻՆԱՍՏԱՆ
ԵՐԿԱՐ ՀԵՐԹԵՐ`ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Այս օրերին ձմեռային օլիմպիական մրցավազքին զուգահեռ Չինաստանում մեկ այլ, ոչ պակաս ուշագրավ մրցավազք է տեղի ունենում: Շատերը, անտեսելով ցուրտ եղանակը, ժամեր շարունակ հերթ են կանգնում Չինաստանում, որպեսզի Ձմեռային Օլիմպիական խաղերի թալիսմանը` Բինգ Դվեն Դվեն անունով պանդան հիշեցնող որևէ հուշանվեր գնեն:
Չժու (Պեկինի բնակիչ) – Դուստրս Կանադայից զանգեց ինձ ու ասաց, որ թալիսման գնեմ: Նա շատ հուշանվերներ է հավաքել 2008 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ: Պեկինն աշխարհում միակ քաղաքն է, որը երկու Օլիմպիական խաղ է հյուրընկալել: Սա շատ խորհրդանշական է:
Շատերը նույնիսկ իրենց հետ ծալվող աթոռակներ ու ինքնատաքացուցիչներ են բերել, որպեսզի հարկ եղած դեպքում երկար հերթում կանգնած չհոգնեն ու չմրսեն: Նրանց հերթից չի հեռացրել նույնիսկ այն չարագույժ հայտարարությունը, թե փափուկ խաղալիքները, արձանիկները, բանալու շղթաները, ձեռնոցներն ու այլ տեսակի խաղալիքները սպառված են:
Օլիմպիադայի կազմակերպիչները հուշանվերների սակավության համար մեղադրում են Լուսնային ամանորյա տոներին, քանի որ դրանց պատճառով գործարանները փակ են եղել, և բավականաչափ ապրանք չի արտադրվել: Խոստացել են, որ այդ բացը կլրացնեն, իսկ գործարաններից մեկն էլ վստահեցրել է, թե շուտով օրական 4 հազար հուշանվեր ու թալիսման կարտադրի:
Բոլոր այն հաջողակները, որոնք կարողացել են, ի վերջո, Օլիմպիական թեմայով ինչ-որ նվեր գնել Պեկինի խանութներից, այժմ էլ ստիպված են երկար հերթ կանգնել Օլիմպիական խաղերի փոստային բաժանմունքում` ձեռք բերած թալիսմաններն ու հուշանվերներն իրենց հարազատներին ուղարկելու համար:
Հատկանշական է, որ հուշանվերների վաճառքը սահմանափակ է եղել. մեկ մարդու 2 հուշանվերից ավելի գնել թույլ չեն տվել: Բացի այդ, ամեն առավոտ ժամը 9-ին խանութը համալրվել է նոր ապրանքով: Եվ չնայած այդ ամենին, Օլիմպիական հուշանվերների պակաս, այդուհանդերձ, զգացվել է:
ՉԻՆԱՍՏԱՆ
ՉԻՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԸ ԲԱՐՁՐԱՆԱԼ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՅՆ ԱՄԵՆԱԲԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ
Մի քանի տասնյակ լրագրողներ, Պեկին 2022 խաղերի անձնակազմը և կամավորները պաշտոնական շրջագայության շրջանակում կարողացել են բարձրանալ Չինական Մեծ պատի մի հատված:
Ջույոնգուան հատվածում 90 րոպե տևողությամբ այս ճանապարհորդությունը կազմակերպել են հատուկ նրանց համար, ովքեր այս օրերին աշխատում են, այսպես կոչված, «Օլիմպիական պղպջակի» ներսում, մի տարածքում, որտեղ տեղացիների մուտքն արգելված է: Սա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով, կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների շրջանակում: Հատկանշական է, որ Պեկինում Օլիմպիական խաղերը տեղում շատ քիչ թվով մարդիկ դիտելու հնարավորություն ունեն, դարձյալ առողջապահական նպատակով:
Ըստ պատմական տվյալների, Չինական Մեծ պատի Ջույոնգուան հատվածը Պեկինի կենտրոնից մոտ 60 կմ հեռավորությամբ է: Այն թվագրվում է մ.թ.ա. 700 թվականով:
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ
ՌՆԳԵՂՋՅՈՒՐԻ ՁԱԳԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԶԵԲՐԵՐԻ ԵՎ ԸՆՁՈՒՂՏՆԵՐԻ ՀԵՏ
Նիդերլանդների կենդանաբանական այգիներից մեկում ռնգեղջյուրի ձագը հայտնվել է հսկա ազատավանդակում և ծանոթացել իր նոր հարևանների` զեբրերի, ընձուղտների և այծքաղների հետ:
Երկու տոննա քաշ ունեցող մոր աջալուրջ հայացքի ներքո «Սթարք» անունով երեք ամսական ռնգեղջյուրի ձագը ուշի ուշով հետևել է Առնհեմ քաղաքի «Բուրգերս» կոչվող կենդանաբանական այգու մյուս բնակիչներին:
Բաս Լուքենար («Բուրգերս» կենդանաբանական այգու մամուլի խոսնակ) - Այսօր ռնգեղջյուրի ձագն առաջին անգամ հանդիպում է «աֆրիկյան հարթավայրերում» ապրող բոլոր կենդանիներին, որոնք ապրում են մեզ մոտ: Ինչպես տեսնում եք, նա շատ հետաքրքրասեր է, չնայած` գիտի, որ իր հսկա մայրը հետևում է իրեն:
Իրականում «Սթարքը» ծնվել է անցած տարվա հոկտեմբերին, սակայն կենդանաբանական այգում սպասել են մինչև երեք ամսականը լրանա, նոր ներկայացնեն հանրությանն ու դուրս բերեն ազատավանդակ: Ծնվելու պահին ռնգեղջյուրը կշռել է 50 կիլոգրամ, իսկ հիմա դարձել է 200 կիլոգրամ:
Ռնգեղջյուրների բոլոր տեսակները վտանգված են։ «Սթարքը» կմնա Առնհեմի կենդանաբանական այգում մինչև երեք տարեկան դառնալը: Հետագայում բուծման եվրոպական ծրագրի շրջանակում նրան կտեղափոխեն այլ կենդանաբանական այգի։