Վենետիկում սկսվել է ավանդական կառնավալը՝ առաջինը երկամյա ընդմիջումից հետո: Դիմակահանդեսը կտևի մինչև մարտի 1-ը: Կազմակերպիչները ստիպված էին 2020-21 թթ. այն չեղարկել Covid-19 համաճարակի պատճառով՝ գրում է BBC-ն:
Միջոցառումը որոշվել է անցկացնել կորոնավիրուսային որոշ սահմանափակումների վերացումից հետո, սակայն մարդաշատ վայրերում, փողոցներում դիմակ կրելը դարձյալ պարտադիր պահանջ է:
«Սա հույսի կառնավալ է: Covid-ը հեռանում է, և մենք ակնկալում ենք վերադառնալ բնականոն կյանքի»,- ասել է Վենետիկի բնակիչներից մեկը:
Վենետիկի կառնավալն անցկացվում է 14-րդ դարից։ Դարերի ընթացքում այն արգելվել և վերականգնվել է՝ հիմնականում այս կամ այն տիրակալի անձնական նախասիրությունների պատճառով:
Կառնավալի առաջին օրը Վենետիկի ջրանցքներում ու հրապարակներում սովորականից ավելի քիչ մարդ է եղել, սակայն կազմակերպիչներն ակնկալում են, որ դա շուտով կփոխվի։
Սանիտարահիգիենիկ միջոցառումների պահպանումը վերահսկելու համար բազմաթիվ միջոցառումների ներկա կլինեն հատուկ պահակախմբեր։