Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանն ընդգծել է, որ ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանի կառավարության առաջնահերթություններից են, և իշխանության նվիրվածությունը դրանց անբեկանելի է:
Քննարկվել են Հայաստանի համար նախատեսված՝ Եվրամիության 2,6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթի իրականացման հարցեր: Հատկապես կարևորվել է Սյունիքի մարզում 80 մլն եվրոյի փաթեթի արդյունավետ կյանքի կոչումը: Վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման ուղղությամբ:
Անդրադարձ է եղել 44-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության լիցքաթափմանն ուղղված քայլերին: Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովումը՝ հաշվի առնելով հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի սպառնալից հայտարարություններն ու արդեն հայկական որոշ կոթողների ոչնչացմանն ուղղված գործողությունները:
Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես՝ տրանսպորտային ապաշրջափակման աշխատանքների շուրջ: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումն ու անդրադարձել հնարավոր ապաշրջափակման սկզբունքներին:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կլաարի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Եվրամիության ղեկավարությանը՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ գործադրվող ակտիվ ջանքերի համար, ներկայացրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակը:
Եվրամիությունը պատրաստ է աջակցել հակամարտության վերջնական կարգավորման ու իրավիճակի կայունացման գործում, նպաստել տարբեր ձևաչափերով բանակցությունների ակտիվացմանը՝ Երևանում հայտարարել է Տոյվո Կլաարը: Նշվել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է հումանիտար ոլորտում աշխատանքների իրականացումը, մասնավորապես՝ ռազմագերիների, այլ պահվող անձանց վերադարձի ուղղությամբ: