Փետրվարի 15-ին ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն կայցելի Մոսկվա: Նախատեսվում է հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի շրջանակում կքննարկվեն Ուկրաինայի արևելքում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորումը, Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերով ժնևյան խորհրդակցություններում ԵԱՀԿ-ի միջնորդությունը, ինչպես նաև կառույցի գործունեությունը Բալկաններում և Կենտրոնական Ասիայում:
*****
Ռուս օրենսդիրներն իրենց գործընկերներին առաջարկել են սահմանել հատուկ օրենք, որով ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կարող են առանց խորհրդարանի հավանության արագ որոշում կայացնել ՀԱՊԿ ուժերի օգտագործման մասին՝ ասել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը: Նա նշել է, որ վերջերս տեղի ունեցավ ՀԱՊԿ բոլոր երկրների միջազգային հանձնաժողովների ղեկավարների խորհրդարանական նիստ, որի ժամանակ բարձրացվել է հարցը: Որպես օրինակ՝ Կարասինը նշել է՝ Ղրղզստանը, որի խորհրդարանը Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու հարցով ստիպված էր հավաքվել երկու անգամ՝ քվորումի բացակայության պատճառով: «Մենք պետք է խուսափենք նման դեպքերից»,- Դաշնային խորհրդում կայացած լսումների ժամանակ ասել է քաղաքական գործիչը։
*****
Մոսկվան պատրաստել է տասը էջանոց փաստաթուղթ, որում ներկայացված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի՝ անվտանգության երաշխիքների պատասխանի արձագանքը՝ հայտարարել է Արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: «Մեր հնարավորությունները շատ հեռու են սպառվելուց, դրանք, իհարկե, անվերջ չեն լինի, բայց այս փուլում ես կառաջարկեի դրանք շարունակել»- նշել է Լավրովը: Պուտինը «անվտանգության երաշխիքներին վերաբերող պատասխանների» քննարկման ժամանակ «անվերջանալի և շատ վտանգավոր» է որակել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք՝ ի հաշիվ հետխորհրդային հանրապետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի: Ռուսաստանի նախագահն այսօր առանձին հանդիպում է ունեցել նաև Պաշտպանության նախարարի հետ։ Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է ռուս զինվորականների կողմից անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների մասին։ Դրանց մի մասն ավարտվել է, մի մասն էլ կավարտվի առաջիկա օրերին։ Ռուս-բելառուսական զորավարժությունների ավարտը նախատեսված է փետրվարի 20-ին։
*****
Գերմանիայի կանցլերն Ուկրաինայում է: Օլաֆ Շոլցը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ: Կանցլերը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ի օրակարգում չէ, և նշել, թե չի հասկանում, թե ինչու է Մոսկվան այժմ բարձրացնում այդ հարցը։ «Մենք քննարկում ենք մի բան, ինչի մասին խոսք լինել չի կարող»,- ասել է Շոլցը՝ Զելենսկիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Նա հավելել է, որ ԵԱՀԿ հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ դաշինքների ազատ ընտրությունը, քննարկման ենթակա չեն։ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Բեռլինը գործընկերների հետ պատրաստում է պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ: «Կիևը հավատում է Եվրամիության լիիրավ անդամակցության հարցում Գերմանիայի աջակցությանը»,- նշել է Զելենսկին, նաև ընդգծել, որ Ուկրաինայի համար չափազանց կարևոր է, որ գործընկերները հաստատակամ լինեն ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության հարցում:
*****
Միջուկային գործարքի վերաբերյալ Վիեննայում ընթացող բանակցությունները փակուղի չեն մտել, կողմերը քննարկում են կարևոր հարցերը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։ «Երբ բանակցային գործընթացը հասնում է լուրջ թեմաների շուրջ երկխոսության, բանակցությունները դառնում են բարդ, և տեղի են ունենում որոշակի ձգձգումներ»,- նշել է նա՝ հավելելով որ արևմտյան երկրները պետք է քաղաքական կարևոր որոշումներ կայացնեն: