Երեկ երեկոյան՝ 10:25, Հայաստանում գրանցվեց Սպիտակից հետո ամենաուժեղ երկրորդ երկրաշարժը՝ 5.4 մագնիտուդով, 6-7 բալ ուժգնությամբ: Առաջինը 1992-ին էր՝ Սևանի արևմտյան ափին, 5 մագնիտուդով, մոտ 7 բալ ուժգնությամբ: Երկրակեղևի ցնցման էպիկենտրոնը եղել է Հայաստան-Վրաստան սահմանին՝ Բավրայից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ:
Սոս Մարգարյան, ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն - Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում՝ 6-7 բալ, Լոռու մարզում՝ 5,6 մինչև 7 բալ և մի շարք այլ մարզերում, մասնավորապես Տավուշի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում, Երևան քաղաքում 5, 4, 3 բալ ուժգնությամբ, Արարատի մարզում նույնպես՝ 3-4 բալ:
Շատ հավանական է, որ երեկվա երկրաշարժի հետցնցումներն ավելի երկար տևեն՝ ասում է Սոս Մարգարյանը, փետրվարի 13-ի ցնցումները համեմատում անցած տարվա օգոստոսի երկրաշարժի հետ: Ասում է՝ 2021-ը 4.5 մագնիտուդով էր: Վերջին երեք տարվա երկրաշարժերի վիճակագրությունը Հայաստանում հետևյալն է. 2019-ին՝ մոտ 1500, 2020-ին՝ 1600, 2021-ին՝ 2500: Թվում է՝ տարեցտարի երկրաշարժերը շատանում են, Մարգարյանը, մինչդեռ, վստահեցնում է՝ դրանց մեծ մասը հետցնցումներ են:
Սոս Մարգարյան - Այս պահին ունենք 165 հետցնցում, որոնցից ամենաուժեղը 3 մագնիտուդով է, հետցնցումային ակտիվությունը բնորոշ է նման երկրաշարժերին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը Երևանում՝ 5, Լոռիում՝ 4, Շիրակում 1 դեպքի ահազանգ է ստացել: Երեկվա ցնցումներից ավերածություններ՝ ոչ, բայց քարաթափումներ են եղել Ալավերդիում, Շիրակի պետհամալսարանի տանիքն է մասնակի վնասվել, Վանաձորի խանութների դարակներից ապրանքներ են թափվել: Ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում, ցնցումների ժամանակ մարդիկ լքել են տները, մի մասն էլ ընդհանրապես չի զգացել երկրաշարժը:
ԱԻՆ-ի մասնագետները վաղ առավոտից Հայաստանի հյուսիսային մարզերում մակրոսեյսմիկ հետազոտություններ են իրականացնում, այցելել են Գյումրիի Անտառավան թաղամասի 3-րդ, 4-րդ աստիճանի վթարային շենքեր, որտեղ մասնակի փլուզում է եղել:
Գյումրեցի 8 ընտանիք ժամանակավոր տեղափոխվել է հարազատների տներ:
Տարածաշրջանի բոլոր երկրները սեյսմիկ ակտիվ գոտում են: Մասնագետները նշում են, որ Երևանը երկու կողմից խզվածք ունի: Մեկը Գառնիին է, որն իջնում է մինչև Նախիջևանի սահման, երկրորդը՝ բուն երևանյանն խզվածքն է, որն ավելի թույլ է: Համեմատաբար խոշոր խզվածքներ կան Սևանից արևմուտք՝ Գավառագետի մոտ, Սյունիքում և Ախուրյանում: Հայաստանում երկրաշարժերի վիճակագրություն վարվում է 1930-ականներից: