Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի փարիզյան այցն ավարտվել է համայնքի յոթ տասնյակից ավելի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ։ Սինանյանը մանրամասն ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, ապա պատասխանել մասնակիցների հարցերին։
Շուրջ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում հնչել են հայրենադարձությանը, Սփյուռքի ներուժի ներգրավմանը, համայնքներում հանձնակատարների ինստիտուտի ներդրմանն առնչվող հարցեր։
Այնուհետև համայնքի որոշ մտավորականների հետ Գլխավոր հանձնակատարն ունեցել է մտքերի փոխանակման ձևաչափով հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով հանդիպումները շարունակել և ծառայեցնել այս տարի կայանալիք Հայաստան-Սփյուռք համաժողովի օրակարգի մշակման աշխատանքներին։