Հայաստանին վերամիավորվելու արդար պահանջով 1988-ի փետրվարի 13-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախյան շարժման առաջին մեծ հանրահավաքը: «Միացում» վանկարկելով՝ արցախահայությունը հրապարակում պահանջեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն անջատել խորհրդային Ադրբեջանից և միացնել խորհրդային Հայաստանին:
Աշոտ Սարգսյան (Արցախյան շարժման ակտիվիստ) - Հրապարակում ցույց կազմակերպելը նախատեսված էր փետրվարի 15-ին, որ պիտի փետրվարի 15-ին դուրս գայինք, բայց մենք տեղեկացանք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 11-ին, մարզխորհրդի ընդլայնված նիստ է տեղի ունենալու, և ինչպես 60-ական թվականներին են կասեցրել Արցախյան շարժումը, նման գործընթաց պիտի տեղի ունենա: Այդ ժամանակ ես կոնդենսատորների գործարանում էի աշխատում, մենք այնտեղ ձևավորված խումբ ունեինք, և հետաքրքիրը գիտե՞ք որն է՝ մենք փետրվարի 12-ին կատարեցինք մեր ընտրությունը, ինչպես ասում են: Այն ժամանակ մենք արդեն ժողով կազմակերպեցինք և դիմեցինք, որ պատրաստ ենք միանալու Մայր Հայաստանին:
Մայր Հայաստանին միանալը պատմական արդարությունը վերականգնելու համազգային ցանկություն էր: Այն տեղավորվում էր Խորհրդային Միության սահմանադրական իրավունքի նորմերում, որի իրացումն Ադրբեջանի հակահայ քաղաքականության պայմաններում օր օրի դառնում էր անհետաձգելի: Ադրբեջանն Արցախում սպիտակ ջարդ էր անում:
Կամո Բարսեղյան (Արցախյան շարժման ակտիվիստ) - Ադրբեջանը սկսել էր Ղարաբաղի բնակչության թվաքանակի փոփոխության քաղաքականությունը՝ մանավանդ 65-67 թվականներից հետո, որ, ասենք, բնակչության թվակազմը հավասարեցնեին և Նախիջևանի օրը գցեին մեզ: Եթե մեր շարժումը չսկսեինք, հիմա մենք այստեղ չէինք խոսելու:
34 տարի անց շարժման ակտիվիստները հիշում ու վերհիշում են պատմական իրադարձությունների մանրամասները: Ճակատագրական պահեր, որ այդ օրերին գուցե ամբողջությամբ գնահատելու ժամանակ չկար: Պետք էր գործել և գործել կշռադատված ու միասնական: Սերժիկ Գրիգորյանի ադրբեջանցի գործընկերն օրեր անց գաղտնազերծել է Բաքվի պլանները՝ նույն տարվա մայիսին Լեռնային Ղարաբաղում սպանդ էր սպասվում:
Սերժիկ Գրիգորյան (Արցախյան շարժման ակտիվիստ) - Ասաց՝ Սերժիկ, ձեր ազգի ամենամեծ հաջողությունն այն է, որ դուք փետրվարի 13-ին եք սկսել: Եթե մնայիք մինչև մայիսի 9-ը, պլանավորված է եղել մայիսի 9-ի զորահանդեսից հետո բոլոր շրջանները փակում են, կտրտում են, ու հայության վերջը տալու էին: Որոշված էր՝ մայիսի 9-ին:
Կրեմլին ուղղված ստորագրահավաքներին, նամակներին և հանրահավաքներին զուգահեռ՝ արդեն փետրվարի 20-ին՝ Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանում, ժողովրդական պատգամավորները որոշում են ընդունել խնդրանքով դիմել ԽՍՀՄ իշխանություններին՝ դրական լուծում տալ Հայաստանին միանալու հարցին՝ այդպիսով ապահովելով արցախահայության ինքնորոշման միջազգային իրավունքը: