Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ փետրվարի 14-ին, ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության առանցքային ուղղություններին, մասնավորապես՝ Հայաստանում «կանաչ տնտեսության» զարգացմանը, մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, կառավարման բարելավմանը, գործարար միջավայրի բարեփոխումներին աջակցությանը, ինչպես նաև հատուկ կարևորել են կայուն ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող օրակարգային հարցերը:
Նախարար Խաչատրյանն իր խոսքում ընդգծել է նշված ուղղություններով Բանկի հետ փոխգործակցության կարևորությունը, հատկապես՝ կայուն զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի ու ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղվող միջոցառումների արդյունավետ իրականացումը: