Վիեն քաղաքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց քաղաքապետ Թիերի Կովակսի, փոխքաղաքապետներ Լևոն Սաքունցի և Հիլդա Դերմիջյանի, քաղաքի հայկական կառույցների ղեկավարների հետ։ Գլխավոր հանձնակատարը ներկայացրեց Սփյուռքի հետ աշխատանքի ուղղությունները, նշեց, որ այցը ճանաչողական է և նպատակ ունի բովանդակալից երկխոսություն սկսել ֆրանսահայության հետ։
«Աշխատում ենք այն գիտակցմամբ, որ սփյուռքը կարող է Հայաստանին ավելին տալ, քան տնտեսական և բարեգործական ուղղություններն են։ Մյուս կողմից՝ պիտի հասկանանք նաև, որ Սփյուռքը իր խորքային խնդիրներն ունի, և դրանց երկարաժամկետ լուծումներ են պետք։ Ուրախ եմ՝ տեսնելով, որ վերջին տասը տարիներին Ֆրանսիայում հայկական դպրոցներ են բացվել»,- նշեց Գլխավոր հանձնակատարը։
Թիերի Կովակսն իր խոսքում ընդգծեց, որ հայերը ներգրավված են քաղաքի զարգացման բոլոր ոլորտներում։
«Սա ինտեգրացիայի մեծ օրինակ է Ֆրանսիայի համար, քանի որ հայերը դարձել են լավ քաղաքացիներ, բայց պահպանել իրենց արմատները։ Թեկուզ հայկական արմատներ չունեմ, սակայն համայնքի հետ շփվելիս ինձ մի փոքր հայ եմ զգում։ Եթե չօգնենք Հայաստանին, մեր ազատությունը կարող է մեկ օր վտանգի տակ դրվել»,-նշեց քաղաքապետը՝ ներկայացնելով նաև քույր քաղաք Գորիսի հետ համագործակցությունը։
Գլխավոր հանձնակատարը կարևորեց, որ Վիենի քաղաքապետը եղել է Հայաստանում և տեսել, թե որտեղից են գալիս իր քաղաքի բնակիչները և ինչու են հենց այդպիսին։
Այնուհետ Թիերի Կովակսը հյուրերի համար փոքրիկ շրջայց կազմակերպեց քաղաքում։
Նույն օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատարը հանդիպեց նաև Վալանսի փոխքաղաքապետներ Վերոնիկա Պեժոյի (Véronique PEUGEOT) և արմատներով հայ Նատալի Իլիոզեր-Բոյերի (Nathalie ILIOZER-BOYER) հետ։ Քաղաքապետը բարձր գնահատեց հայերի ներկայությունը քաղաքում։ 95 հազար բնակչությամբ քաղաքի 10 տոկոսը հայ են։