34 տարի առաջ այս օրը Արցախում մեկնարկել է Արցախյան շարժման համաժողովրդական պայքարի փուլը՝ հիմք դնելով ոչ միայն Արցախի ազատագրմանը ադրբեջանական լծից և փաստացի վերամիավորմանը Մայր Հայաստանին, այլև՝ Հայաստանում հիմնարար փոփոխությունների ու անկախության շարժման:Այդ մասին ասված է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի Ֆեյսբուքի էջում։
«Թեև 2020թ. պատերազմի հետևանքով Արցախը հայտնվել է ծանր դրության մեջ, այնուամենայնիվ, մենք վճռական ենք մեր ընտրած ճանապարհի շարունակման հարցում: Ողջ հայկական աշխարհի աջակցությամբ մենք շարունակում ենք Արցախում պետականակերտման գործընթացը՝ նպատակ ունենալով հասնել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը, մեր տարածքների ապաբռնազավթմանը և, վերջիվերջո, Մայր Հայաստանի հետ միավորման ու ինտեգրացիայի մակարդակի բարձրացմանը:
Ի դեպ, հատկանշական է, որ Արցախը պատմական Հայաստանի այն բացառիկ տարածքներից է, որտեղ հայ ազգի ձևավորումից ի վեր՝ շուրջ 3000 տարի անընդմեջ հայերը եղել են ճնշող մեծամասնություն և ունեցել են ինքնիշխանության շարունակական ընթացք ու ավանդույթներ: Այդ պատմական իրականությունը չի փոխվելու նաև ապագայում՝ մեր վճռական ու արդար պայքարի շնորհիվ:
Շնորհակալություն Արցախյան շարժման առաջնորդներին պատմական արդարության վերականգնման այս կարևորագույն պայքարը մեկնարկելու համար»,-նշված է գրառման մեջ: