ԲԱՅԴԵՆԸ ԶՐՈՒՑԵԼ Է ԱՆԴՐԱՏԼԱՆՏՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսակապով զրուցել է Անդրատլանտյան երկրների ղեկավարների հետ՝ հայտնել է Սպիտակ տունը: Ղեկավարներն իրենց մտահոգությունն են հայտնել Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ուժերի շարունակական կուտակման կապակցությամբ և վերահաստատել աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Հանդիպման ընթացքում քննարկել են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման բազմաթիվ ձևաչափեր։ Նրանք պայմանավորվել են շարունակել սերտ խորհրդակցությունները՝ ներառյալ ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի շրջանակում:
ՍՊԱՍՎՈՒՄ Է ՊՈՒՏԻՆ-ԲԱՅԴԵՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Այսօր սպասվում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Քննարկման թեման է Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու հնարավորությունը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահների զրույցը տեղի կունենա Վաշինգտոնի նախաձեռնությամբ: Պուտինը և Բայդենը վերջին անգամ հեռախոսով զրուցել են անցած տարվա դեկտեմբերի 30-ին: Այսօր ծրագրված է նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետների հեռախոսազրույցը: Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ծրագրում է բանակցություններ վարել Սերգեյ Լավրովի հետ:
ՌԴ-Ն ԱՄԵՆ ՊԱՀԻ ԿԱՐՈՂ Է ՀԱՐՁԱԿՎԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎՐԱ. ՍԱԼԻՎԱՆ
Ռուսաստանն Ուկրաինայի վրա կարող է հարձակվել ցանկացած պահի՝ հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ Ուկրաինայում գտնվող ցանկացած ամերիկացի պետք է հեռանա որքան հնարավոր է շուտ՝ առաջիկա 24-48 ժամվա ընթացքում: «Ես չեմ ներկայացնի մեր հետախուզական տեղեկությունների մանրամասները, բայց ուզում եմ շեշտել, որ հարձակումը կարող է սկսվել անգամ Օլիմպիական խաղերի ժամանակ, բայց կան նաև ենթադրություններ, որ դա տեղի կունենա միայն Օլիմպիական խաղերից հետո»,- լրագրողներին ասել է Սալիվանը:
Խոսելով Ռուսաստանի ենթադրայլ հարձակմանը սպասվող պատասխանի մասին՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը շեշտել է, որ Վաշինգտոնը պատրաստ է վճռականորեն պատասխանել իր դաշնակիցների և գործընկերների հետ: Նրա խոսքով՝ պատասխանը կներառի խիստ տնտեսական պատժամիջոցներ, ամերիկյան ուժերի դիրքավորում ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկայնքով և կներառի շարունակական աջակցություն Ուկրաինային:
ԵՐԿՐՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԼՔԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՆ
Ուկրաինայի սահմանի լարվածության ֆոնին տարբեր երկրներ շարունակում են կոչ անել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան: Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է առավելագույն` չորրորդ աստիճանի հասցնել Ուկրաինայի տարածքում գտնվելու սպառնալիքի մակարդակը և կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել այդ երկրի տարածքը։ Ճապոնիայի ԱԳՆ-ն իր որոշումը բացատրել է «ուկրաինա-ռուսական սահմանին լարվածության շարունակական աճով»։ Ավստրալիայի վարչապետ Սկոտ Մորիսոնը նույնպես կոչ է արել երկրի քաղաքացիներին լքել Ուկրաինան։ Անհապաղ լքելու կոչով է հանդես եկել նաև Նոր Զելանդիայի, Լատվիայի ԱԳՆ-ները։ Մեծ Բրիտանիան և Իսրայելը Կիևից հեռացնում են դիվանագետների ընտանիքներին:
CNN-ն էլ, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Վաշինգտոնը մտադիր է հետ կանչել իր դիտորդներին Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելությունից:
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սևծովյան նավատորմի 3 տասնյակից ավելի նավ դուրս է եկել մասնակցելու լայնածավալ զորավարժությունների։ Նավերը ծով են դուրս եկել Սևաստոպոլից և Նովոռոսիյսկից։ Վարժանքները՝ Սևծովյան նավատորմի հրամանատար Իգոր Օսիպովի ղեկավարությամբ, անցկացվում են ՌԴ ռազմածովային ուժերի մասշտաբային մանևրումների շրջանակում։