560 ստուգայց, վարչական իրավախախտման 29 արձանագրություն: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի այս տարվա ստուգումների վիճակագրությունն է: Արդեն երկու շաբաթ է ինչ տեսչականի մասնագետները տարածքների ախտահանումը, աշխատողների պատվաստված ու թեստավորված լինելու փաստաթղթերը ստուգելուց բացի, նոր գործառույթ են իրականացնում:
Հանրային սննդի օբյեկտներում հաճախորդների ՊՇՌ թեստավորման կամ պատվաստված լինելու տվյալները ստուգելու պարտականությունը հյուրընկալների վրա է դրված: Թեև սննդի օբյեկտներն ունեն իրենց մշտական հաճախորդները, սակայն լինում են դեպքեր, երբ փաստաթուղթ չունենալու պատճառով հաճախորդին թույլ չեն տալիս մուտք գործել տարածք:
Անի Ղարագյոզյան (Հանրային սննդի օբյեկտի հյուրընկալ) - Նայում ենք՝ ով ունի «Արմեդ» ծրագիր: Բնականաբար, նկարով է, ով չէ՝ թղթային տարբերակով, անուն ազգանունով ճշտում ենք: Հիմնականում հաճախորդները բանկի աշխատողներ են, մեծամասնությունը ունեն, շատ քիչ դեպքեր ենք ունենում, որ չեն ունենում, ու մերժում ենք:
Հանրային սննդի օբյեկտներում քաղաքացիներին ստուգելու նոր կարգով պայմանավորված՝ սննդի այս օբյեկտում սկզբում հաճախորդներ շատ են կորցրել,- ասում է տնտեսվարողը: Հետո արդեն կարգավորվեց:
Վարդան Սարուխանյան (հանրային սննդի օբյեկտի մենեջեր) - Սկզբի շրջանում շատ-շատ զանգեր էինք ստանում, թե մեզ մոտ մուտքը ոնց է, օրենքը գործում է թե չէ: Պատասխանը միանշանակ «այո» էր, և շատ-շատ հաճախորդներ, իհարկե, կորցրինք:
Այս տարվա 29 արձանագրությունից հինգը կազմվել է քաղաքացիների պատվաստման կամ ՊՇՌ թեստ չունենալու հիմքով: