Կսկսվի՞ պատերազմ՝ այս օրերին միջազգային հանրությանը հուզող գլխավոր հարցն է: Աշխարհի առաջնորդները, քաղաքագետները, լրատվամիջոցները, բոլորն են փորձում կանխատեսել համաշխարհային աղետի հավանականությունը, մեկնարկի ամսաթիվն ու հավանական ելքերը: Ուկրաինայի սահմանի լարվածությունը համաշխարհային առաջնորդների քննարկումների առանցքում է:
Կրեմլ-Ելիսեյան պալատ հերթական հեռախոսազրույցն է կայացել: Վլադիմիր Պուտինն Էմանուել Մակրոնի ուշադրությունն է հրավիրել ռուսական նախաձեռնություններին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի առարկայական արձագանքի բացակայությանը: Ռուսաստանի նախագահը հիշատակել է նաև անարդյունք ավարտված հանդիպումը, որն անցկացրել են «Նորմանդական քառյակի» ղեկավարների խորհրդականները: Դաշնության ղեկավարը նաև սպեկուլյացիա է անվանել Ուկրաինա Ռուսաստանի ենթադրյալ ներխուժման մասին լուրերի տարածումը:
Հեռախոսազրույց են ունեցել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Լավրովի խոսքով՝ Ամերիկայի և նրա դաշնակիցների պնդումները, թե Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա, սադրիչ նպատակներ են հետապնդում և խրախուսում Կիևի իշխանություններին՝ չկատարելու Մինսկի համաձայնությունները:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն էլ նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենը Լավրովին հասկացրել է, որ ճգնաժամի կարգավորման դիվանագիտական ուղին բաց է մնում, սակայն Մոսկվան պետք է թուլացնի լարվածությունը:
Հեռախոսազրույց են ունեցել նաև Ռուսաստանի ու Միացյալ նահանգների պաշտպանության նախարարները, քննարկման թեման եղել է Ղրիմն ու Ուկրաինայի շուրջ ռուսական Զինված ուժերի տեղակայման հարցերը։
Միաժամանակ Ուկրաինան լքելու կոչերը չեն դադարում: Պետություններն իրար հետևից իրենց քաղաքացիներին կոչ են անում լքել այդ երկիրը, որոշները հետ են կանչում նաև դիվանագիտական ներայացուցչություններին: Վաշինգտոնն այսօր պաշտոնապես հաստատեց՝ ԱՄՆ պետդեպարտամենտը Կիևում գտնվող դեսպանատան ոչ հիմնական անձնակազմին հրահանգել է հեռանալ Ուկրաինայից: Թվիթերի էջում հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը:
Մոսկվան էլ, մտահոգվելով Կիևի կամ երրորդ երկրների հավանական սադրանքներից, կրճատել է Ուկրաինայում դիվանագիտական անձնակազմի թիվը։ Ռուսաստանի արտգործնախարարության կայքում նշված է, որ դեսպանատներն ու հյուպատոսությունները կշարունակեն կատարել իրենց հիմնական գործառույթները:
Կիևում մարդիկ շարունակում են ապրել բնականոն կյանքով. չեն թաքցնում՝ օդում կախված անհանգստություն ու խուճապ կա: Սպառնացող վտանգին Կիևի բնակիչներից որոշները թերահավատորեն են վերաբերվում, մյուսներն արդեն մայրաքաղաքը լքելու ճանապարհին են:
Ուկրաինայի նախագահին էլ անհանգստացնում է Կիևում ամեն րոպե ահագնացող խուճապը: Զելենսկու խոսքով՝ դա թշնամու լավագույն ընկերն է: Խուճապից հրաժարվելու կոչերից բացի Ուկրաինայի առաջնորդը խնդրանքով է հանդես եկել՝ դիմելով բոլորին հավելյալ ինֆորմացիա տրամադրել փետրվարի 16-ին Ուկրաինա՝ ռուսական կողմի ենթադրյալ «ներխուժման» մասին, եթե այդպիսի տեղեկություններ վերջիններս տիրապետում են։
Ուկրաինայի նախագահ, Վոլոդիմիր Զելենսկի - Մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք. այս ամենը երեկ չի սկսվել, այն սկսվել է դեռևս 2014 թվականին: Մենք պատրաստ ենք, դրա համար էլ այստեղ ենք. դուք տեսնում եք, թե ինչպես է աշխատում մեր թիմը: Մենք հաշվի ենք առնում այս ամբողջ տեղեկատվությունը, պետք է հստակ վերլուծել ցանկացած տեղեկատվություն, գնահատել ռիսկերը: Մեր խուճապը թշնամու լավագույն ընկերն է, այս ամբողջ տեղեկատվական քարոզը խուճապ առաջացնելու նպատակ է հետապնդում:
Կիևի փողոցներում քաղաքացիները երթի են դուրս եկել՝ կոչ անելով խուճապի չմատնվել, համախմբվել, հավատալ սեփական ուժերին: