Սպառողները նշում են՝ տնտեսվարողը հաճախ զգալիորեն բարձրացնում է ապրանքի արժեքը, հետո զեղչում ու այն վաճառում՝ գրեթե նույն գնով: Որպես խնդրի լուծում՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն առաջարկում է զեղչվող սահմանել ապրանքի նախորդ ամսվա միջին արժեքը:
Անահիտ Սանթրոսյան (ՄՊՀ իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետ) - Այսինքն՝ տվյալ ապրանքը կարող է մեկ օր եղել է հազար դրամ, մեկ օր՝ 800 դրամ, հաշվարկվում է միջին գինը ու զեղչը կիրառվում է այդ միջին գնի նկատմամբ:
Ոլորտի կարգավորման համար հանձնաժողովը մշակել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծ: Դրանով կկարգավորվի նաև զեղչի կիրառման ժամկետը, որպեսզի զեղչված գինն ապրանքի համար մշտական չդառնա:
Անահիտ Սանթրոսյան - Շատ դեպքերում զեղչը կիրառվում էր անժամկետ: Սահմանվել է երեք ամսվա սահմանափակում:
Ուսումնասիրելով զեղչերի և ակցիաների իրականացման եվրոպական փորձը, հանձնաժողովը նախատեսում է տնտեսվարողի նկատմամբ կիրառել մեկ այլ սահմանափակում ևս: Մասնագետի խոսքով՝ այն հնարավորություն կտա նվազեցնել սպառողին մոլորության մեջ գցելու ռիսկը:
Անահիտ Սանթրոսյան - Զեղչ հայտարարելիս, շատ հաճախ մենք տեսնում ենք, որ նախատեսվում է, օրինակ՝ մինչև 70% զեղչ: Նախագծով առաջարկվում է, որ նման հայտարարությունների դեպքում, առավելագույն նշված գնով պետք է զեղչված լինեն այդ պահին տվյալ տնտեսավարող սուբյեկտի մոտ առկա ապրանքների առնվազն 1/5-րդը՝ 20%-ը:
2021 թվականին Մրցկացության պաշտպանության հանձնաժողովը ակցիաների և զեչղերի առնչությամբ, տնտեսվարողների նկատմամբ 20 վարույթ է հարուցել: Անահիտ Սանթրոսյանը խնդրահարույց է համարում նաև այն, որ զեղչ հայտարարելիս ցուցանակների վրա մինչև բառը շատ ավելի փոքր է գրվում, քան զեղչի թիվը:
Անահիտ Սանթրոսյան - Սպառողը միայն գնում կատարելու վերջին փուլում է հասկանում, որ այդտեղ մինչև 70% է, այսինքն՝ կարող է լինել ընդամենը 20%: Նման դեպքերի համար առաջարկում ենք, որպեսզի հրապարակման ժամանակ տառաչափերի ամենամեծ և ամենափոքր չափերը լինեն 1-ը՝ 2-ի, այսինքն՝ ոչ ավելի, քան երկու անգամ:
Օրինագիծն այժմ դրված է հանրային քննարկման, նախատեսվում է կարգավորմանն օրենքի ուժ տալ մինչև տարվա վերջ: Սահմանափակումների գործարկումից հետո, դրանց պահպանմանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կհետևի սպառողների ահազանգերի օգնությամբ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան