Մանկական Եվրատեսիլ երգի 20-րդ մրցույթն անմոռանալի ու աննախադեպ շոու դարձնելու աշխատանքներն արդեն մեկնարկել են: Եվրոպական հեռարձակողների միության պատվիրակությունն առաջին այցն է կատարել Մանկական Եվրատեսիլը հյուրընկալող Հայաստան ու հյուրընկալ կազմակերպություն՝ Առաջին ալիք:
Գերտ Կարկ (Եվրոպական հեռարձակողների միության ներկայացուցիչ) - Մենք այստեղ ենք, որովհետև մեկնարկում ենք մրցույթի կազմակերպման ամբողջ աշխատանքները՝ ձեր հեռուստաընկերության թիմի հետ: Սովորաբար նախապատրաստական աշխատանքները մենք սկսում ենք շատ ավելի ուշ, բայց քանի որ ունենք նոր ռազմավարություն ու մեծ պլաններ, այս տարի ուզում ենք մեկնարկել որքան հնարավոր է վաղ և դարձնել այս մրցույթը լավագույնն իր պատմության մեջ:
Պատվիրակների առաջին այցի բնույթը ճանաչողական է: Եկել են մեկ թիմ ձևավորելու, խոսելու ծրագրի մասշտաբներից ու նպաստելու, որ կազմակերպչական առումով որևէ խնդիր չունենանք:
Գերտ Կարկ - Վերջին 5-6 տարիներին այն իսկապես վերածվել է շատ մեծ իրադարձության: Ահա թե ինչու ենք ես և մեր անվտանգության խորհրդատու Էնդի Շմիտցն այսօր այստեղ. համոզվելու, որ մենք նույն ուղու վրա ենք և միասին հասկանալու՝ ինչ է մեզ սպասվում: Չենք պատրաստվում շատ մանրամասների մեջ խորանալ, դա կթողնենք հաջորդ հանդիպումներին: Իսկ դրանք շատ են լինելու:
Հյուրերն այցելել են մրցույթի անցկացման հնարավոր վայրեր, ծանոթացել դրանց հնարավորություններին: Ստեղծագործական հարցերը կքննարկվեն ավելի ուշ: Բայց այն, որ մեր թիմը կազմակերպական առումով որևէ խնդիր չի ունենա, եվրոպացի գործընկերները կասկած չունեն:
Գերտ Կարկ - Աշխատելով ձեր թիմի հետ Եվրատեսիլի և Մանկական Եվրատեսիլի ընթացքում՝ ես 100 տոկոսով վստահ եմ, որ մենք կարող ենք ունենալ մեծագույն շոու, հոյակապ շաբաթ՝ մասնակցող պատվիրակությունների համար: Որովհետև ձեր թիմը շատ փորձառու է այսպիսի շոուներ կազմակերպելու գործում:
Մանկական Եվրատեսիլը տարեցտարի մեծացրել է իր մասնակիցների և հետևորդների թիվը, բարդությամբ ու ծավալներով գրեթե հավասարվել մեծերի Եվրատեսիլին ու դարձել մեծ իրադարձություն՝ ինչպես այն հյուրընկալող քաղաքի, այնպես էլ երկրի համար:
Դավիթ Ծերունյան (Հայաստանյան պատվիրակության ղեկավար) - Ինչպես գիտենք՝ մանկական Եվրատեսիլը պարզապես հեռուստատեսային նախագիծ չէ, սա շատ մեծ իրադարձություն է ինչպես քաղաքի, այնպես էլ երկրի համար: Ուստի բացի եթերում հեռարձակվող շոուից՝ եթերում լինելու են մի շարք այլ իրադարձություններ, որոնք պետք է պլանավորել:
Հանրայինում նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են մեր հաղթանակից անմիջապես հետո: Այս տարի, սակայն, աշխատանքներն ավելի գործնական փուլ են մտել:
Դավիթ Ծերունյան - Իրականում 1 տարին շատ քիչ ժամկետ է նման մեծ միջոցառում կազմակերպելու համար, ուստի մենք ջանք ու եռանդ չենք խնայում, արդեն սկսել ենք աշխատել, և մարտ-ապրիլին Հայաստան կժամանի մրցույթը ղեկավարող խորհուրդը: Սա մասնակից երկրներից ներգրավված պրոֆեսիոնալների խումբ է, հանձնաժողով, որ հետևելու է մրցույթի կազմակերպչական բոլոր քայլերին:
Մանկական երգի մրցույթը տեղի կունենա դեկտեմբերին Երևանում: Մի քանի հարյուր գործընկերներ ու աշխատակիցներ են ներգրավված լինելու միջոցառման կազմակերպման գործընթացում, Հանրայինն էլ, որպես Մանկական Եվրատեսիլ 2022-ի հյուրընկալ կազմակերպություն, իր առանձնահատուկ դերն ունի:
Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Հանրայինը, որպես Մանկական Եվրատեսիլ 2022-ի հյուրընկալ կազմակերպություն, այս ամենը պետք է կառավարի: Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ինչքան հնարավոր է շուտ սկսենք կազմակերպչական աշխատանքները, որ կարողանանք ըստ պատշաճի կազմակերպել: Սա մեզ համար շատ մեծ ու շատ կարևոր փորձ է լինելու և մեզ համար հնարավորություններ կբացի ավելի մեծ միջոցառումներ հյուրընկալելու համար:
Շոուին հետևում է ավելի քան 30 մլն հեռուստադիտող, առնվազն 18 պատվիրակություն է մասնակցելու և բազմաթիվ հյուրեր. սա հոյակապ հնարավորություն է մեր երկիրը լավագույնս ներկայացնելու համար:
Հովհաննես Մովսիսյան - Շատ կարևոր էր, որ Եվրոպական հեռարձակողների միության նախագահը շեշտում էր, որ սա 20-րդ հոբելյանական Եվրատեսիլն է և պետք է տարբերվի մյուսներից: Մենք նույնպես ֆիքսել ենք, որ այն պետք է տարբերվի:
Հայաստանը եվրոպացի հեռուստադիտողին գրավիչ ներկայացնելուց բացի, առանձին ծրագիր է լինելու մեր երկիր ժամանող պատվիրակությունների համար, մի քանի հարյուր հյուրերին Հայաստանն առավելագույնս կներկայացվի: Հանրայինի թիմն էլ փորձի փոխանակման համար հրավիրվել է Իտալիա՝ հետևելու մեծերի Եվրատեսիլի կազմակերպչական և իրականացման ամբողջ պրոցեսին, ուսումնասիրելու՝ որպես Մանկական Եվրատեսիլի հյուրընկալ կողմ: