Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ փետրվարի 12-ին, գումարվել է արտահերթ նիստ: Օրակարգում՝ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:
Ներկայացնելով օրակարգային հարցերը՝ նշվել է, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության «ԱՐՄՆՅՈՒԶ» տեսալսողական ծրագրի և լսողական մեդիածառայություն մատուցող «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության «ԱՐՄՆՅՈՒԶ ՖՄ» լսողական ծրագրի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել է, որ 2022 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 00։01:00-ից, Հեռարձակողներն ավելի քան 24 ժամ չեն ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակումը:
«Ավելացնենք նաև, չնայած այն հանգամանքին, որ «Քառյակ մեդիայի» հիմնադիրները հայտարարություն են տարածել իրենց գործունեության դադարեցման մասին, սակայն վերջիններս թե՛ տարածած հաղորդագրության մեջ, և թե՛ գրությամբ պաշտոնապես չեն տեղեկացրել Հանձնաժողովին՝ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիաների գործողության դադարեցման իրենց որոշման մասին:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե այդ մասին դիմում է ներկայացվել։
Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի համաձայն՝ Հանձնաժողովը 2022 թվականի փետրվարի 12-ին Հեռարձակողների նկատմամբ հարուցել է վարչական վարույթներ։
Վարչական վարույթի բազմակողմանի քննության արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ Հեռարձակողների կողմից առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովվել տեսալսողական և լսողական հաղորդումների հեռարձակումները և վերջիններիս կողմից որևէ հիմնավորում չեն ներկայացվել հեռարձակումները դադարեցնելու վերաբերյալ։
Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե լիցենզիա ստացած Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց կիրառել վարչական տույժ՝ կասեցնել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիայի գործողությունը հինգ օր ժամկետով»,- ասված է ՀՌՀ հաղորդագրության մեջ: