Կեսդարյա պատմություն ունեցող 13-րդ մանկապարտեզն ամենամեծերից է Էջմիածնում: Մասնաշենքերից մեկը 2019-ին քաղաքապետարանի և մասնավորի համատեղ միջոցներով է հիմնանորոգվել: Այս հատվածում՝ խմբասենյակներից մինչև սանհանգույց, խաղագույքից մինչև խոհանոցային տեխնիկա, նորացվել ու հարմարեցվել է երեխաների պահանջներին: Իսկ այն մասնաշենքը, որտեղ ևս գործող խմբեր կան, վթարային է և անհրապույր: Ծնողները ըմբոստանում են՝ երեխաների մի մասի համար հարմարավետ ու գեղեցիկ պայմաններ են ստեղծվել, իսկ մյուսների խմբասենյակներում նույնիսկ պատուհանները փոխված չեն, ցրտի դեմ պայքարի միակ միջոցը շարունակում է ցելոֆանապատումը մնալ:
Աննա Սողոմոնյան (Վաղարշապատի 13-րդ մանկապարտեզի տնօրեն) - Երեխան պետք է գեղեցիկը տեսնի, լավ պայմաններում մեծանա, մանկապարտեզի մի մասը դա թույլ է տվել, իսկ այս հատվածում՝ հուսանք, որ շուտով փոփոխություններ կլինեն:
Մանկապարտեզի տնօրենի լավատեսությունը անհիմն չէ: Վթարային մասնաշենքը նորոգելու համար միջոցներ կտրամադրի Ճապոնիայի կառավարությունը: Հուշագիրը դեռ նախորդ տարեվերջին է ստորագրվել: Հիմնանորոգման բյուջեն ավելի քան 90 հազար դոլար է: Շինարարությունը կսկսվի գարնանը:
Սոնա Մաթևոսյան (Վաղարշապատ համայնքի ղեկավարի օգնական) - Շենքի վերանորոգում, դուռ-պատուհանների տեղափոխում, սանհանգույցներ, պատշգամբը ամբողջությամբ պետք է նորոգվի:
Վթարային մասնաշենքի հիմնանորոգումից հետո գործող 10 խմբասենյակին կավելանա ևս մեկը: Հերթի մեջ գտնվող 30 երեխա մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենա:
Դիանա Գասպարյան (Վաղարշապատ համայնքի ղեկավար) - Լրացուցիչ խմբասենյակներ բացելով՝ կարողանում ենք ավելի շատ երեխաներ տեղավորել: Ամեն տարի մենք կդիմենք այս ծրագրի; Ինչպես նշել է դեսպանը՝ պայմանները բավարարելու դեպքում հնարավոր է՝ մյուս տարի ևս հաղթող ճանաչվենք:
Վերակառուցվող մասնաշենքի՝ դարն ապրած գույքը ևս կփոխարինվի նորով, բայց ո՛չ այս ծրագրի շրջանակում: Համայնքի ղեկավարությունը ուղիներ է փնտրում գեղեցիկ ու հարմարավետ կահույք և տեխնիկա ձեռք բերելու համար:
Դիանա Գասպարյան - Համագործակցում ենք այլ կազմակերպության հետ, որն ապահովել է 10-րդ մանկապարտեզի գույքը: Հուսով ենք՝ այս դեպքում էլ կկարողանանք գույք ձեռք բերել այդ ծրագրով:
Երեխաների կրթությունն ու գեղագիտական ճաշակը պետք է վաղ մանկուց զարգացնել,- ասում է Ճապոնիայի դեսպանը: Ըստ Ֆուկուշիմա Մասանորիի՝ նախակրթական հաստատությունները պետք է նպաստեն երեխայի համակողմանի զարգացմանը:
Ֆուկուշիմա Մասանորի (Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Մանկապարտեզները շատ կարևոր են. քանի որ այնտեղ մեր ապագան է կերտվում՝ հետևաբար, պետք է լավ պայմաններ ստեղծել: Մենք շատ ծրագրեր ունենք նաև Հայաստանի այլ մարզերում:
Ինչ վերաբերում է նորոգման ժամանակ շենքերի արտաքին տեսքի մեջ ճապոնական մոտիվներ ներառելուն, կերևա շինարարության ընթացքում: