ԼԱՎՐՈՎՆ ՈՒ ԲԼԻՆՔԵՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑԸ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ «ռուսական ագրեսիայի» վերաբերյալ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քարոզչական արշավը հետապնդում է սադրիչ նպատակներ՝ խրախուսելով Կիևի իշխանություններին վիժեցնել Մինսկի պայմանավորվածությունները և գնալ «Դոնբասի խնդիրը» ուժային ճանապարհով լուծելու վնասակար փորձերի։ Լավրովը նշել է`ՌԴ կողմից փոխանցված ռուս-ամերիկյան պայմանագրի ծրագրերին և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության համաձայնագրի երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի և Բրյուսելի արձագանքն անտեսում են Ռուսաստանի համար առանցքային դրույթները, առաջին հերթին՝ ՌԴ սահմանների մոտ Դաշինքի ծավալման և հարվածային սպառազինությունների համակարգերի տեղակայման արգելքը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
ԵՐԿՐՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԼՔԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՆ
ԱՄՆ պետդեպարտամենտը Կիևում գտնվող դեսպանատան ոչ հիմնական անձնակազմին հրահանգել է հեռանալ Ուկրաինայից: Թվիթերի էջում հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը: Որոշումը պայմանավորված է տեղեկություններով, թե Ուկրաինայի սահմանին ռուսական կողմն ավելացնում է իր զինվորականների թիվը: Դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնել են, որ ԱՄՆ դեսպանատան անձնակազմի հիմնական մասը Կիևում շարունակելու է աշխատանքը: Ուկրաինայի սահմանի լարվածության ֆոնին տարբեր երկրներ շարունակում են կոչ անել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան: Այսօր պարզ դարձավ, որ Ռուսաստանը նույնպես, մտահոգվելով Կիևի կամ երրորդ երկրների հավանական սադրանքներից, կրճատում է Ուկրաինայում դիվանագիտական անձնակազմի թիվը։ Ռուսաստանի արտգործնախարարության կայքում նշված է, որ դեսպանատներն ու հյուպատոսությունները կշարունակեն կատարել իրենց հիմնական գործառույթները:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԳՆ-Ն ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՆԴԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ
Ուկրաինայի սահմանի լարվածության ֆոնին երկրի արտգործնախարարությունը կոչ է արել քաղաքացիներին պահպանել հանդարտություն և միասնականություն, հավաստիացնելով, որ երկրի զինված ուժերը պատրաստ են կանխել ցանկացած հարձակում։ «Այս պահին ծայրաստիճան կարևոր է պահպանել հանդարտությունը և միասնականությունը երկրի ներսում, խուսափել քայլերից, որոնք խարխլում են կայունությունը և խուճապ սերմանում»,- ասվում է Ուկրաինայի արտգործնախարարության հայտարարությունում։ Հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինական դիվանագիտությունը շուրջօրյա կապի մեջ է բոլոր գործընկերների հետ, օպերատիվ ստանում է անհրաժեշտ անվտանգության տեղեկատվություն:
ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԶԵԼԵՆՍԿՈՒ ՀԵՏ
Լեհաստանի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ անվտանգության իրավիճակը: Ռաուի և Զելենսկու հանդիպումը կայացել է Խարկովում: Երեկ Ուկրաինայի նախագահը մեկնել էր այնտեղ՝ մասնակցելու Ուկրաինայի Անվտանգության խորհրդի արտագնա նիստին։ Սկզբում նախատեսված է եղել, որ ԵԱՀԿ գործող նախագահը պետք է մեկնի Դոնասի շփման գծի անցակետեր՝ հատուկ դիտորդական առաքելության անդամների հետ հանդիպման համար, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով Զբիգնև Ռաուն ստիպված է եղել չեղարկել ուղևորությունը և մեկնել է Խարկով:
ՆՈՐՎԵԳԻԱՆ ՉԵՂԱՐԿԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Այսօրվանից Նորվեգիայում չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով ավելի վաղ սահմանված գրեթե բոլոր սահմանափակումները՝ հայտարարել է վարչապետը: Յոնաս Գար Ստյորեի խոսքով՝ համավարակն այլևս վտանգ չի ներկայացնում, քանի որ «օմիկրոն» շտամն ավելի թեթև ընթացք ունի, բացի այդ բնակչությունը պաշտպանված է պատվաստումների միջոցով։ Նորվեգիայում 12 տարեկանից բարձր բնակչության ավելի քան 70%-ը լիարժեք պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։