Էլեկտրոնային նարգիլեների և սիգարետների մասնագիտացված խանութում ստիպված են արդեն փակել ցուցափեղկերը:
Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, մասնավորապես վեյփ սարքերի ցուցադրումը վաճառքի կետերում արդեն արգելված է: Էլեկտրոնային սիգարետների խանութների ցանցի տնօրենը օրենքի կիրառումը դրական է գնահատում, բայց վերապահումով՝ օրենքում բացեր կան:
Վահե Մանուկյան (Էլեկտրոնային սիգարետների խանութների ցանցի տնօրեն) - Գրած չի՝ ինչը պետք է փակվի, ինչը՝ չէ, ինչը թույլատրելի է, ինչը՝ ոչ:
Տեխնիկական կանոնակարգը, սակայն, հստակ սահմանում է, թե որ արտադրատեսակների վրա է տարածվում արգելքը՝ ընդգծում է էկոնոմիկայի նախարարության Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետը:
Ժաննա Զաքարյան (ՀՀ ԷՆ Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ) - Տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է ծխախոտահումք չպարունակող էլեկտրոնային եղանակով, մարտկոցով աշխատող, նիկոտին պարունակող, համային հավելումներ, գլիցերին պարունակող արտադրատեսակների վրա:
Ժաննա Զաքարյանի խոսքով՝ մինչև այժմ ոլորտը կանոնակարգված չէր և չէր վերահսկվում, դրա հետևանքով էլ այսօր շուկայում վաճառվում է անորակ և անհայտ ծագման արտադրանք, ինչն էլ ավելի է վտանգում առանց այդ էլ առողջության համար վնասակար արտադրանքի օգտագործումը:
Ժաննա Զաքարյան - Այսօր շուկան ողողված է ծխախոտի տեսակներով որոնք հրապուրում են սպառողին, և ոչ ոք չգիտի՝ որակյա՞լ է այդ ապրանքը, թե՞ ոչ, քանի որ վերահսկողություն չկա:
Արգելքի տարածումից հետո հաճախորդների և շրջանառության նվազում դեռ չեն արձանագրել, բայց Վահե Մանուկյանը չի բացառում, որ սահմանափակումներն առաջիկայում կազդեն վաճառքի ծավալների վրա:
Վահե Մանուկյան - Ծխողների նվազում չի լինի:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ այս պահին մշակվում է նաև ոլորտին վերաբերող տեխնիկական կանոնակարգ, որի շրջանակում կսահմանվեն միասնական պարտադիր պահանջներ արդեն ԵԱՏՄ բոլոր երկրների համար:
Այս տարվանից արգելվել է նաև առևտրի կետերում, խանութներում ծխախոտի և ծխախոտային արտադրանքի ցուցադրությունն ու գովազդը, իսկ մարտի 15-ից կսկսի գործել հանրային սննդի վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան