Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրը միջազգային օրակարգում է, այդ հարցում կա կոնսենսուս: Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը հիշեցնում է՝ խնդիրն այս կամ այն չափով արծարծված է միջազգային գրեթե բոլոր ձևաչափերում: ՄԱԿ-ի Միջազգային արդարադատւթյան դատարանի որոշմամբ՝ հստակ հրահանգվեց Ադրբեջանին՝ կանխելու հայկական պատմամշակութային ժառանգության սրբապղծման և վանդալիզմի դեպքերը:
Վահե Գևորգյան, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ - ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի կողմից ընդունված միջանկյալ միջոցները ինչ-որ առումով աննախադեպ են պատմամշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում, և այս տեսակետից, փաստացիորեն, մենք գործ ունենք ոչ թե առանձին կոչերի, այլ հստակ հրահանգների հետ, որոնք պետք է ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրների՝ տվյալ դեպքում Ադրբեջանի կողմից իրականացվեն առանց որևէ վերապահման:
Հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու Ադրբեջանի կառավարության քայլը Հայաստանի արտգործնախարարությունը համարում է բացահայտ մարտահրավեր հենց Հաագայի դատարանի կայացրած հրատապ միջոցներ կիրառելու որոշմանը:
Վահե Գևորգյան - Այս որոշումների չիրականացումը գործողությունների նոր շղթա է բացելու, և Հայաստանը հետևողականորեն կիրառելու է բոլոր միջազգային իրավունքով վերապահված գործիքները՝ հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պահպանության նպատակով:
Այդ հանձնաժողովի ստեղծման նպատակն է պետական մակարդակի հասցնել և կանոնակարգել վանդալիզմը: Հայաստանի արտգործնախարարը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին. որ նման մոտեցումն ամբողջովին հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին:
Վահե Գևորգյան - Պատմամշակութային ժառանգության պահպանումը լավագույն միջոցն է հակամարտությունները լուծելու, փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերություններ կառուցելու համար:
Պատերազմից անմիջապես հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի՝ փաստահավաք առաքելություն գործուղելու նախաձեռնությամբ: Առաջարկից հետո Հայաստանը սերտորեն գործակցել է կառույցի հետ: Հայաստանի նախաձեռնությամբ դեռևս 2020թ. դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեում ընդունվել է հայտարարություն՝ «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ. Հաագայի կոնվենցիայի համաձայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին:
Վահե Գևորգյան - Չնայած Ադրբեջանը կոմիտեի նիստին համաձայնել է ԼՂ հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկին, բայց, միաժամանակ, վերջին մեկ տարուց ավելի է Ադրբեջանը տարբեր տեսակի խոչընդոտներ է հարուցում՝ նման առաքելությունը տապալելու ուղղությամբ:
Ադրբեջանը փորձում է փաստահավաք առաքելության նպատակը խեղաթյուրել: Մինչդեռ հայկական կողմը 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելություն գործուղելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի առաջարկի իրականացումը համարում է հրատապ։
Վահե Գևորգյան - Մեր նպատակը հստակ է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը պետք է լինի ԼՂ հակամարտության գոտում: Տեղում մասնագետները գույքագրեն, ծանոթանան հայկական պատմամշակութային արժեքների վիճակին՝ դրանց հետագա ավերումը կանխելու համար: Պատրաստ ենք քննարկել բոլոր առաջարկները: Ինչին պատրաստ չենք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջարկված փաստահավաք առաքելության աշխարհագրությունը և նպատակները փոխելուն:
Փոխնախարարի խոսքով՝ պաշտամունքային վայրերի մի մասը գործող եկեղեցիներ են, և այդ վանդալիզմի դեպքերը նաև մարդկանց խղճի, ազատության, կրոնական իրավունքների խախտում են: Իսկ նման լայնածավալ խախտումները խոչընդոտում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը: