Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 12-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել՝ հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պնդումները, թե Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա, սադրիչ նպատակներ են հետապնդում և խրախուսում Կիևի իշխանություններին՝ չկատարելու Մինսկի համաձայնությունները:
Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնի և Բրյուսելի արձագանքն անվտանգության երաշխիքների շուրջ ՌԴ-ԱՄՆ պայմանագրի և ՌԴ-ՆԱՏՕ համաձայնագրի առաջարկների հետ կապված՝ անտեսում է Մոսկվայի համար առանցքային դրույթները, առաջին հերթին՝ դաշինքի չընդլայնման և ՌԴ սահմանների մոտակայքում հարվածային սպառազինությունների համակարգերի չտեղակայման վերաբերյալ:
Լավրովը շեշտել է, որ այդ հարցերը կենտրոնական տեղ կզբաղեցնեն ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից ստացված պատասխանների գնահատման գործում:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենը Լավրովին հասկացրել է, որ ճգնաժամի կարգավորման դիվանագիտական ուղին բաց է մնում, սակայն Մոսկվան պետք է թուլացնի լարվածությունը: Պետքարտուղարի խոսքով՝ «եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, դա կհանգեցնի վճռական, մասշտաբային և միասնական անդրատլանտյան պատասխանի»։
Այսօր՝ ավելի ուշ, սպասվում է նաև ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հեռախոսազրույցը: