Միջազգային մամուլը ուշադիր հետևում է քաղաքական գործիչների ելույթներին և առիթը բաց չի թողնում հրապարակելու նրանց թույլ տված սխալները:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը NBC-ի հետ հարցազրույցում Աֆղանստանը շփոթել է Ուկրաինայի ու Իրաքի հետ: Հիմնավորելով 20-ամյա ռազմական արշավից հետո ամերիկյան զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը՝ Բայդենը Աֆղանստանը անվանել է նախ՝ Ուկրաինա, հետո ներողություն է խնդրել՝ ասելով Իրաք, ապա՝ Աֆղանստան։
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն էլ BBC-ի հետ հարցազրույցում Դոնբասը շփոթել է Ղրիմի հետ։ Դիվանագետն ասել է, որ, իբր, մինսկյան համաձայնագրերը նախատեսում են Ռուսաստանի հեռացումը Ղրիմից, որից հետո ներկայացուցչության մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ խոսքը Ուկրաինայի արևելյան շրջանների մասին է։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ կասկածի տակ էր դրել Ռուսաստանի ինքնիշխանությունը Ռոստովի և Վորոնեժի մարզերի նկատմամբ։
Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դեբորա Բոներտը ստիպված է եղել միջամտել և ԱԳ նախարարին բացատրել է, որ Ռոստովն ու Վորոնեժը իսկապես Ռուսաստանի մարզեր են։ Արտգործնախարար Թրասն էլ խոստովանել է, որ այդ շրջանները շփոթել է Ուկրաինայի տարածքի հետ։