Վրացական մածոնին շարունակում է կռիվը հայկական մածունի հետ: Վրացական հեռուստաալիքն էլ թեմայից շեղվում, խնդրում հիշատակում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը: «Իմեդի» հեռուստաընկերության լրատվական ծրագրի փետրվարի 9-ի երեկոյան թողարկմանը մեկրաբանների հետնամասում՝ էկրանին, ցուցադրվել է Ադրբեջանի նախագահի հայտնի տեքստը, թե «Ղարաբաղն Ադրբեջան է», ու թե «Տոլման նույնպես ադրբեջանական է»:
Ջոնի Մելիքյան, վրացագետ - Այդ նկարների պատրաստման գործը դժվար չէր, և համացանց տեղադրելը՝ ևս: Իմ կարծիքով՝ ուղղակի որոշ անձինք և, ինչու ոչ՝ մենք նաև, կարող ենք պատկերացնել, որ հարևան Ադրբեջանից կարող էին այս հարցի շրջանակներում փորձեին այս նկարները տեղադրելով համացանցում բաց օգտագործման համար նաև իրենց լուման ներդնեին, կամ գուցե ինչ-որ ձևով նաև այդ նկարները իրենք փորձել են տեղ հասցնել: Թե որ հեռուստաընկերությունը կվերցներ, կամ կայքը ոնց կօգտագործեր՝ էդ արդեն այլ բան է:
Խնդիրն առաջացել էր, երբ Վրաստանն արգելել էր իր տարածքով հայկական մածունի արտահանումը Ռուսաստան: Եվ քանի որ Վրաստանը որպես աշխարհագրական նշում է ձևակերպել մածոնին, ապա ըստ վրացական կողմի՝ հայկական մածունը արտահանելիս ապրանքի վրա չի կարող գրված լիենել մածուն: «Իմեդի» հեռուստաալիքի Արցախյան հիմնախնդիրն ու տոլման այս խնդրին խառնելու դեպքին արձագանքել է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Կապվել են արտգործնախարարության հետ, պարզաբանում խնդրել: Ժամեր անց վրացական հեռուստաալիքն իր պաշտոնական կայքում ներողություն է խնդրել:
«Վրացական մածոնին ընդդեմ մածունի» սյուժեի ցուցադրության ընթացքում օգտագործված լուսանկարի վրայի գրությունը չի համապատասխանել բնօրինակին։ «Իմեդի» հեռուստաընկերության տեղեկատվական ծառայությունը պարզաբանում է, որ դա եղել տեխնիկական սխալ, ափսոսանք է հայտնում և ներողություն է խնդրում թույլ տված սխալի համար։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը վրացական հեռուստաալիքի պարզաբանումը համոզիչ չի համարում: Աշոտ Մելիքյանն ասում է՝ պետք է ավելի լուրջ արձագանքեր և գոնե ափսոսանք հայտներ կատարվածի համար:
Աշոտ Մելիքյան (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ) - Դա նույնն է ոնց որ. դժվար է, իհարկե, պատկերացնել, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը կամ այլ առաջատար հեռուստաընկերություն մասնավոր վերցնի և «Բորժոմիի» վրա գրի «Ջերմուկ» և բացի դրանից էլ ասի, որ Աբխազիան, օրինակ, անկախ երկիր է, և Հարավային Օսիան՝ նույնպես: Ես կարծում եմ, որ դա ոչ միայն դուր չի գա վրաց հասարակությանը, դա դուր չի գա և լրատվամիջոցներին, և կարծում եմ՝ նույնիսկ քաղաքական էլիտան կարող է արձագանքել:
Վրացագետ Ջոնի Մելիքյանը համոզված է՝ կատարվածը սխալմունք է: Ասում է՝ «Իմեդին» խոշոր հեռուստաընկերություն է, և ղեկավարությունը չէր կարող հայ-վրացական բարեկամական հարաբերությունները հաշվի չառնել:
Ջոնի Մելիքյան - Երկրորդական հեռուստաալիքներից չէր, որ թույլ տար այսպիսի սխալ, բայց, ի վերջո, բոլորի հետ էլ պատահում է, և այս պարագայում այս միջադեպը ապագայում իրենց ավելի կսթափեցնի, և իրենք, գուցե, հայերենով կարդացող նաև աշխատակից ունենան, քանի որ քիչ չի, որ լուսաբանվում են տարածաշրջանային գործընթացներ, մանավանդ՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո:
«Այս քայլը ոչնչով չարդարացված սադրանք է»,- Աշոտ Մելիքյանի համոզմունքն է: Որ մեդիամիջադեպը երկու երկրի հարաբերություններում, ժողովուրդների ընկալումներում խոր հետք չթողնի՝ պետք է արձագանքեն նաև վրաց պաշտոնյաները:
Աշոտ Մելիքյան - Ակնհայտ է՝ դա պատվեր էր եղել, դա չէր կարող արվել առանց հեռուստաընկերության ղեկավարության իմացության: Հասկանալի է, որ այստեղ երևում է նաև ադրբեջանական հետք՝ խավիարային մոտեցում կամ դոլարային մոտեցում, և եթե նույնիսկ այս ենթադրությունները սխալ են, ապա այս քայլը է՛լ ավելի է ծանրացնում այդ քայլը:
Ոչ միայն ռեպորտաժը, այլև փետրվարի 9-ի ժամը 20-ի թողարկումն ամբողջությամբ հեռացվել է մեդիահոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից: