Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը մտահոգություն է հայտնել, որ ԶԼՄ-ների մասին նոր օրենքն ընդունվել և ստորագրվել է՝ հաշվի չառնելով անկախ լրագրողների, մեդիափորձագետների և միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի տեսակետները: «Լրատվամիջոցների մասին» նոր օրենքի հաստատումից հետո Ադրբեջանում լրագրող կամ սոցիալական մեդիայի ակտիվիստ լինելն է՛լ ավելի դժվար կլինի»: Այս մասին էլ հայտարարել է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն։ Նշվում է, որ օրենքը մի շարք սահմանափակումներ կդնի Ադրբեջանում առանց այն էլ խիստ վերահսկվող ԶԼՄ-ների վրա, իսկ իշխանությունը լրատվամիջոցը փակելու համար դատարանի որոշման կարիք այլևս չի ունենա:
*****
Ռուսաստանը չի կարող ընդունել Եվրամիության և ՆԱՏՕ-ի՝ նախօրեին ուղարկված համատեղ պատասխանն անվտանգության անբաժանելիության սկզբունքի ըմբռնման մասին՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նամակին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ակնկալում ենք մեր հարցերի մանրամասն պատասխանը բոլոր հասցեատերերից: Հիշեցնեմ՝ Լավրովի նամակն ուղղված էր Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի 37 երկրների արտաքին գործերի նախարարներին: Պատասխանից խուսափելը նշանակում է, որ Արևմուտքը մեր հաշվին ցանկանում է հոգալ միայն իր անվտանգության մասին»,- ընդգծել է դիվանագետը։
Զախարովայի խոսքով՝ Յենս Ստոլտենբերգի և Ժոզեպ Բորելի պատասխանը, որոնց Մոսկվան չէր դիմել, ոչ այլ ինչ է, քան դիվանագիտական անքաղաքավարություն և անհարգալից վերաբերմունք։
*****
Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի կոչը ԱՄՆ քաղաքացիներին՝ անհապաղ լքել Ուկրաինան, չի վկայում երկրում իրավիճակի փոփոխության մասին՝ հայտնել է արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան։ «ԱՄՆ-ի դիրքորոշմանը մենք տեղյակ ենք, նման կոչերը նորություն չեն․ ավելի վաղ նրանք հայտարարել էին Կիևում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքների անդամների տարհանման մասին»,- ասել է նախարարը։
Նախօրեին Ջո Բայդենը NBC հեռուստաալիքի հաղորդավար Լեստեր Հոլթի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ ամերիկացիները պետք է րոպե առաջ հեռանան Ուկրաինայից։
*****
Ուկրաինայի իշխանությունների կարծիքով՝ «Նորմանդական ձևաչափով» հանդիպումներն այժմ ավելի հաճախ կանցկացվեն՝ ասել է երկրի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Նրա խոսքով՝ Բեռլինում փետրվարի 10-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների խորհրդականների հանդիպմանը բոլոր կողմերն ընդգծել են հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը, նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել Դոնբասի հարցով եռակողմ կոնտակտային խմբի աշխատանքները։ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտն էլ հայտնել է, որ ակնկալվում է «Նորմանդական քառյակի» երկրների առաջնորդների խորհրդականների հաջորդ հանդիպումն անցկացնել մարտին։
«Պետությունների և կառավարությունների ղեկավարների կամ արտգործնախարարությունների մակարդակով բանակցություններ դեռևս նախատեսված չեն»,- հավելել է պաշտոնյան։
*****
ԱՄՆ Պետքարտուղարությունը Թուրքիային կոչ է արել հարգել ու երաշխավորել մամուլի ազատությունն այն բանից հետո, երբ հանրապետությունում լրատվամիջոցների վերահսկող մարմինը փետրվարի 9-ին Deutsche Welle-ի, «Ամերիկայի ձայնի» և Euronews-ի թուրքալեզու կայքերից պահանջել է հեռարձակման արտոնագիր ստանալու հայտ ներկայացնել՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում նրանց hեռարձակումը կարգելվի։
«Թուրքիայում մամուլի ազատության հետ կապված մեր մտահոգությունները փաստագրված են»,- ասված է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։