Պեկինի 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում այսօր պայքարի է դուրս եկել Հայաստանի բազմակի չեմպիոն, դահուկավազորդ Միքայել Միքայելյանը:
Նա հանդես է եկել 15 կմ դասական ոճում և մրցատարածությունը հաղթահարել 43:09.1 ժամանակում:
95 մարզիկների պայքարում Միքայելյանը ելույթն ավարտել է 61-րդ տեղով: 15 կմ դասական ոճում 37:54:8 արդյունքով օլիմպիական չեմպիոն է հռչակվել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յիվո Նիսկանենը:
Երկրորդ հորիզոնականը 38:18.0 արդյունքով զբաղեցրել է Ռուսաստանի օլիմպիական թիմի ներկայացուցիչ Ալեքսանդր Բոլշունովը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է նորվեգացի Յոհանես Կլեբոն՝ 38:32.3:
Միքայել Միքայելյանն օրերս հանդես էր եկել նաև օլիմպիական խաղերի սքիաթլոնում (15 կմ դասական ոճ+15 կմ ազատ ոճ) և զբաղեցրել 47-րդ տեղը: 23-ամյա դակուկավազորդը Հայաստանի բազմակի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր, մինչև 23 տարեկանների աշխարհի 2021 թ. առաջնությունում 30 երկրների 71 մասնակցի հետ պայքարում գրավել է 8-րդ տեղը՝ ցույց տալով Հայաստանի լավագույն արդյունքը դահուկավազքում:
Միքայելյանը երկրորդ անգամ էր մասնակցում օլիմպիական խաղերին. մինչ այս նա մեր երկիրը ներկայացրել է նաև Փհենչյան-2018-ում, որտեղ դահուկավազքի սպրինտում (դասական ոճ) 80 մարզիկների մեջ գրավել է 72-րդ, իսկ 15 կմ դասական ոճում՝ 83-րդ տեղը:
Հայ դահուկորդը 2016 թվականին մասնակցել է նաև Լիլեհամերի ձմեռային պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերին: