«Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կառուցված երկու ֆոտովոլտային արևային կայաններ հանձնվեցին Շաղափ վարչական շրջանին:
«Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ։
2019 թվականին մեկնարկած քառամյա ծրագրի նպատակն է նվազեցնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և «Դիլիջան» ազգային պարկին հարակից տեղական համայնքների կլիմայի ռիսկի խոցելիությունը, ամրապնդել գյուղատնտեսական և ինստիտուցիոնալ պլանավորման կարողությունները կլիմայի փոփոխության պայմաններում՝ բարձրացնելով հարմարվողականության մակարդակը:
Ծրագրի շահառու համայնքներն են Տավուշի մարզի Դիլիջան (Դիլիջան, Աղավնավանք, Գոշ, Խաչարձան, Հաղարծին և Թեղուտ), Արարատի մարզի Վեդի (Ուրցաձոր, Շաղափ և Լանջանիստ) խոշորացված և Լոռու մարզի Մարգահովիտ և Ֆիոլետովո համայնքները:
Երկու պոմպերի աշխատեցման համար նախատեսված 14 կվտ և 24 կվտ հզորությամբ արևային կայանների կառուցումն իրականացվել է ծրագրի առաջին բաղադրիչի (Համայնքահեն խելացի գյուղատնտեսական գործելակերպի ներդրում դեգրադացված տարածքներում և բուֆերային գոտիներում) շրջանակներում։
Կայանների շահագործումը հնարավորություն է տալիս բնակիչներին էլեկտրականության դիմաց գանձվող գումարի տնտեսման հաշվին կրճատել ոռոգման ծախսը։
Արևային կայանների հանձման արարողությանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ի ղեկավար կազմը, շինարարական, վերահսկողական ու հեղինակային հսկողություն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ, Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը և Շաղափ վարչական շրջանի ղեկավարը։