Զգուշացումը «Հայփոստից» է: Ընկերությունը ահազանգում է՝ իր անվան և ապրանքային նշանի օգտագործմամբ անհայտ անձինք փորձ են արել քաղաքացիների բանկային տվյալներ կորզել, խարդախությամբ գումար շորթել:
Արթուր Պապյան (մեդիափորձագետ) - Հարգելի հաճախորդ, ձեր փաթեթը չի կարող առաքվել, քանի որ մաքսատուրքերը չեն վճարվել... Ու գրված է՝ մաքսատուրքը՝ 10 դրամ,
Այս հաղորդագրությունը օրվա ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ են ստացել: Հաջորդ քայլով էլ առաջարկել են անցնել հղումով, որը բացելու դեպքում օգտատիրոջ քարտային տվյալներն արդեն ճարպիկ խարդախների ձեռքում է:
Արթուր Պապյան - Շատ օգտատերեր, խորամուխ չլինելով մանրամասների մեջ, սեղմել են և տվել իրենց տվյալները:
Տվյալները շտապել է հայտնել ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, որն այդ պահին հենց սպասել է իր առաքանուն:
Հաքերային հարձակման հեղինակները «ՀայՓոստի» անունն օգտագործել են մեկ տառի սխալով, որն առաջին հայացքից չի տարբերվում օրիգինալից՝ hay armenia post-ի փոխարեն hay armenia psoat-ից են ուղարկել նամակները:
Արթուր Պապյան - Ինձ հասած մեյլերից, այ, սրանք են երևում Հնդկաստանում գրանցված խոշոր օպերատորներից: Որը հայտնի է նախկինում էլի հաքերային հարձակումներից:
Մեդիափորձագետի խոսքով՝ խնդիրն այստեղ միայն կոնկրետ դեպքը չէ, հաքերները կարող են շատ արագ հին սերվերը վերացնել, նորը ստեղծել: Նման դեպքերում անձնական, բանկային կամ այլ որևէ տվյալ տրամադրել չի կարելի՝ նույնիսկ եթե ներկայացվում է, թե դա նիգերացի բարեկամից եկած խոշոր ժառանգությունը ձևակերպելու համար է: