Բյուրականի աստղադիտարանից տեղեկացնում են, որ հայ ֆիզիկոս, Վանկուվերի Սայմոն Ֆրեյզեր համալսարանի (SFU) պրոֆեսոր և Բյուրականի աստղադիտարանի արտասահմանյան աշխատակից Լևոն Պողոսյանն արժանացել է Բուչալտերի տիեզերաբանության 2021 թ․ մրցանակին։
Նախասկզբյան մագնիսական դաշտերի միջոցով Հաբլյան լարվածությունը բացահայտելու վերաբերյալ իրենց նոր հետազոտության համար Լևոն Պողոսյանը և նրա աշխատակիցն արժանացել են առաջին մրցանակին։
Հաբլյան լարվածությունը տիեզերաբանության ամենամեծ հանելուկներից մեկն է, որը վերաբերում է Հաբլի հաստատունի ակնհայտ տարբերությանը կամ նրան, թե որքան արագ է Տիեզերքն ընդլայնվում այսօր, ինչն իր հերթին որոշվում է տարբեր տեսակի դիտումների միջոցով։
Իրենց աշխատանքում Պողոսյանը և նրա աշխատակիցը ցույց են տվել, թե ինչպես վաղ Տիեզերքի մագնիսական դաշտերը հաշվի առնելը կարող է օգնել լուծելու այդ տարբերությունը:
Բուչալտերի տիեզերաբանության մրցանակը շնորհվում է 2014-ից: Այն տրվում է տիեզերաբանության մեջ բեկումնային տեսական, դիտողական կամ փորձարարական աշխատանքի համար, որը կարող է նպաստել Տիեզերքի ծագման, կառուցվածքի և էվոլյուցիայի մասին մեր ունեցած պատկերացումների ընդլայնմանը: