Կալիֆոռնիայի նահանգային Սենատը հաստատեց ACR 105 բանաձևը, որով Կալիֆոռնիա նահանգը և Սյունիքի մարզը դարձան քույր նահանգներ։ Բանաձևը հեղինակել է նահանգային խորհրդարանի անդամ Քրիս Հոլդենը։ Փաստաթուղթը խորհրդարանի ստորին պալատի հավանությանն էր արժանացել դեռ անցած աշնանը։
Քրիս Հոլդեն (Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի անդամ) - Մենք սկսեցինք մտածել բարեկամական, ընկերական հարաբերություններ կառուցելու մասին՝ օգտագործելու տնտեսական, կրթական, մշակութային կապերը Կալիֆոռնիայի և Սյունիքի մարզի միջև։ Նման հնարավորությունները մեզ մտածել են տալիս նաև փոխանակումների մասին։ Կալիֆոռնիայի գյուղատնտեսական հզորությունը կարող է հետաքրքրական լինել Սյունիքի համար, և միմյանցից սովորելու դաշտ ստեղծել։ Բացի դրանից՝ փաստաթղթի ընդունմամբ կարևոր էր արտացոլել Կալիֆոռնիայում բնակվող մեկ միլիոն հայերի ուժը։
Հոլդենը նշում է, որ Հայաստանի նկատմամաբ Կալիֆոռնիայի բարեկամական վերաբերմունքի դրսևորումներից էր նաև Հայոց ցեղասպանությունը պետական մակարդակով ժխտելու համար՝ թուրքական տնտեսության մեջ նահանգի ներդրումները հետ կանչելու որոշումը, որն արդեն գործնական արդյունքներ է տալիս։ Նա հույս հայտնեց, որ կարճ ժամանակում այս փաստաթղթի արդյունքները նույնպես տեսանելի կլինեն։
Քրիս Հոլդեն - Մենք ոգևորված ենք, որ Սենատը հաստատեց այս բանաձևը։ Այն ենթադրում է աշխատանքային խմբի ստեղծում՝ կազմված Կալիֆոռնիայի և Սյունիքի տեղական կառավարման մարմինների և հանրությունների ներկայացուցիչներից։
Քրիս Հոլդենը հայտնեց, որ աշխատանքային խումբը ձևավորվելուն պես կմշակի գործընկերության համաձայնագիր։ Այն կսահմանի Կալիֆոռնիայի և Սյունիքի մարզի գործընկերային հարաբերությունների շրջանակը, նաև համայնքների և տեղական մարմինների պարտավորությունները՝ գործընկերության պայմանավորվածությունը կյանքի կոչելու և շարունակական դարձնելու համար։
Բանաձևը Քրիս Հոլդենի հետ ներկայացրել է Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի անդամ Ադրին Նազարյանը։ Նա շեշտում է, որ բանաձևը իրավական պարտադիր ուժ չունի, այն ուրվագծում է երկկողմ գործակցության հիմնական ուղղությունները։
Ադրին Նազարյան (Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի անդամ) - Նման բանաձևերն ավելի շատ հնարավորություն են տալիս, որ ապագայում, եթե նահանգային խորհրդարանում հայ ընտրված չլինի, հայկական խմբերը, որոնք աշխատում են խորհրդարանի անդամների հետ, այս բանաձևի շրջանակում պահանջեն շարունակել հարաբերությունների զարգացումը Հայաստանի քաղաքների և մարզերի հետ»։
Ադրին Նազարյանն ասաց, որ թուրք-ադրբեջանական լոբբիի կողմից, ինչպես միշտ, բանաձևի ընդունմանը խանգարելու փորձեր եղել են։ Բայց դրանք, ըստ խորհրդարանականի, հակառակ ազդեցություն են ունեցել:
Ադրին Նազարյան - Դեպքեր եղան, միշտ են լինում։ Դա առիթ է տալիս, որ մեր ընկերները Կալիֆոռնիայի խորհրդարանում և Սենատում ավելի լավ հասկանան՝ ինչ է կատարվում աշխարհի այդ շրջանում, ինչու են ադրբեջանցիները և թուրքերը միշտ հակառակվում Ցեղասպանության կամ այս տիպի բանաձևերին։ Սա պետք է դիտարկել որպես կարևոր առիթ՝ մեր ընկերներին Հայաստանի հետ ծանոթացնելու համար»։
ACR 105 բանաձևը, ըստ նահանգային խորհրդարանականների, ընդլայնում է Կալիֆոռնիայի քաղաքական շրջանակների հնարավորությունները գործընկերոջը ոչ միայն խոսքով, այլև գործով սատարելու համար։