Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Էլիան Շահվայնին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին, տնտեսական անվտանգության մասնագետ Ալին Դեսարզինին, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության առողջապահության ոլորտի ներկայացուցիչ Կարինե Թորոսյանին և կրթության հասանելիության մասնագետ Մանուկ Խաչատրյանին:
Գեղարքունիքի մարզպետը հյուրերին ներկայացրել է մարզի սահմանամերձ բնակավայրերի վիճակը անվտանգության, կրթական, նախակրթական, առողջապահական, սոցիալ-տնտեսական և այլ ոլորտներում, ՀՀ կառավարության և Գեղարքունիքի մարզպետարանի կողմից նշված բնակավայրերում իրականացվող աշխատանքները:
«Առաջնորդվելով պետություն-համայնք համագործակցությամբ սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու գործընթացով` մեր առաջնահերթ նպատակն է կարևորագույն ծրագրերը հասցնել սահմանամերձ բնակավայրեր և ավելի մեծ թվով գումարներ ուղղել նշված բնակավայրերի սոցիալական վիճակի բարելավմանը»,- նշել է Գեղարքունիքի մարզպետը:
ԿԽՄԿ ներկայացուցիչը Գեղարքունիքի մարզպետին ներկայացրել է ԿԽՄԿ-ի կողմից 2020 թվականի ղարաբաղյան հակամարտության հետևանքով Վարդենիսի տարածաշրջանի սահմանամերձ բնակավայրերում իրականացրած աշխատանքներն ու ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, որոնք ընդգրկում էին պաշտպանության, առողջապահության, կրթության և տնտեսական անվտանգության ոլորտները:
«Սահմանամերձ բնակավայրերում անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով` մենք առաջին հերթին ցուցաբերել ենք մարդասիրական օգնություն` տնտեսություններին տրամադրելով սնունդ: Սահմանամերձ բնակավայրերի դպրոցներին աջակցել ենք հեռավար կրթության հասանելիության ապահովման, պաշտպանական միջոցառումների իրականացման, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման, առաջին և անհետաձգելի բուժօգնության տրամադրման կազմակերպման ուղղությամբ: Տնտեսական անվտանգության նկատառումներից ելնելով` իրենց բնակարաններում տեղահանվածներին հյուրընկալած գեղարքունիքցի 210 ընտանիքների տրամադրել ենք դրամական աջակցություն, իսկ սահմանամերձ 6 համայնքների 409 տնտեսությունների՝ 280 հազար դրամ աջակցություն՝ անասնակեր և վառելիք ձեռք բերելու համար»,- նշել են ԿԽՄԿ ներկայացուցիչները:
Կողմերը քննարկել են նաև առաջիկա համատեղ անելիքները, որոնք ուղղված են Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներում բնակվող քաղաքացիական բնակչության կարիքների արձագանքմանը:
«Մենք նախատեսում ենք անհրաժեշտության դեպքում շարունակական դարձնել սահմանամերձ բնակավայրերում կրթության և առողջապահության ոլորտներում իրականացված ծրագրերը, ստեղծել հոգեբանական կենտրոն և տեղաբնակների համար իրականացնել սոցիալ- հոգեբանական ծրագիր, աջակցել վերականգնողական կենտրոնների ստեղծմանը, օժանդակել տնտեսություններին պաշտպանության, դաշտավարական և գյուղատնտեսական ծրագրերում, իսկ Մեծ Մասրիկ բնակավայրում իրականացնել կապտաժների վերանորոգման ծրագիր: Նախատեսել ենք այս տարի սահմանամերձ բնակավայրերի համար իրականացնել ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված երկարատև երկու ծրագիր, որի համար ակնկալում ենք մարզպետարանի, համայնքների և բնակավայրերի ղեկավարների աջակցությունը»,- հավելել է Էլիան Շահվայնը:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը բարձր գնահատելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով մարզի սահմանամերձ բնակավայրերում իրականացրած մարդասիրական ծրագրերը՝ հավաստիացրել է, որ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է իր ուժերի և լիազորությունների ներածին չափով աջակցել կոմիտեին՝ նոր նախաձեռնությունների իրականացման հարցում:
Կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց՝ արդյունավետ քննարկման համար: